Նորություններ
Զոլաքար համայնքն օժանդակում է առաջնագծին
03.11.2020
2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում առաջնագծին օժանդակելու նպատակով իրենց ներդրումն են ունեցել Զոլաքար համայնքի բնակիչները և արտերկրում բնակվող զոլաքարցիները: ՌԴ- ում բնակվող զոլաքարցի Արտաշես Մյասնիկի Կեսոյանը, նրա եղբայրը՝ Զոլաքար համայնքում բնակվող Նարեկ Մյասնիկի Կեսոյանը իրենց ընտանիքների կողմից հատկացրել են 77 հազար դոլար, որից 11 միլիոն դրամը փոխանցվել է Հայաստան համահայկական հիմնադրամին, իսկ մնացած գումարը ծախսվել է առաջնագծին տեխնիկա և առաջնահերթ այլ պարագաներ ձեռք բերելու համար: Արտերկրում բնակվող 15 զոլաքարցիների կողմից տրամադրվել է 2 միլիոն 800 հազար ռուբլի, որից 50 հազար ռուբլին հատկացվել է թշնամու դեմ մղած մարտերում զոհված զոլաքարցի Մեխակ Արեստի Սադոյանի ընտանիքին, իսկ մնացած գումարը փոխանցվել է Հայաստան համահայկական հիմնադրամին կամ ծախսվել առաջնագծի կարիքների համար: Զոլաքարի համայնքապետարանի աշխատակազմի կողմից Հայաստան համահայկական հիմնադրամի է փոխանցվել մոտ 1 միլիոն դրամ, համայնքապետարանի կողմից առաջնագիծ է ուղարկվել 1,5 միլիոն դրամի սնունդ, դեղորայք, պարագաներ: Զոլաքար համայնքի կողմից առաջնագծին ցուցաբերվող աջակցությունը կրում է շարունակական բնույթ:
Զոլաքար համայնքի բնակիչների և արտերկրում բնակվող զոլաքարցիների կողմից ցուցաբերած աջակցությունների վերաբերյալ այսուհետ կարող եք տեղեկանալ Զոլաքարի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից:
Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնում Զոլաքար համայնքի բնակիչներին և արտերկրում բնակվող զոլաքարցիներին՝ մարդասիրական և հայրենանվեր գործունեություն ցուցաբերելու համար: