Նորություններ
Լիճք համայնքի աջակցությունը առաջնագծին և Արցախին
24.10.2020

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում, Արցախաադրբեջանական շփման գծի երկայնքով մեկ բռնկված մարտական գործողությունների ընթացքում, առաջնագծում մարտնչող Հայոց բանակի կարիքների համար Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքը ցուցաբերել է նկատելի աջակցություն: Լիճքի համայնքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտերկրում ապրող եւ աշխատող լիճքեցիները Հայաստան Համահայկական հիմնադրամին են փոխանցել շուրջ 50 հազար դոլար: Նույն հիմնադրամին 341 հազար դրամ փոխանցվել է համայնքապետարանի, 10 հազար դոլար՝ համայնքի բնակիչ՝ Գոհար Ավետիսյանի կողմից: Նա միաժամանակ 100 հազար ռուբլի է տրամադրել համայնքին՝ առաջնագծին սննդի կամ այլ անհրաժեշտ իրերի տեսքով աջակցություն ցուցաբերելու համար: Լիճքից արտերկրում բնակվող բարերար Հակոբ Աշոտի Ենոքյանը առաջնագծին է նվիրել ՎԻԼԻՍ մակնիշի 1 ավտոմեքենա: Բացի այդ, համայնքի բնակիչները առաջնագծի կարիքների համար հատկացրել են 1800 դոլար, 380 հազար ռուբլի, 1 միլիոն 500 հազար դրամ: 235 հազար դրամ էլ հավաքվել է համայնքի դպրոցահասակ երեխաների կողմից: Աջակցությունն առաջնագծին շարունակվում է:
Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնում Լիճք համայնքին՝ մարդասիրական և հայրենանվեր գործունեություն ցուցաբերելու համար: