Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի խոսքը ուղղված մարզի բնակչությանը

10.10.2020

Գեղարքունիքի մարզի սիրելի հայրենակիցներ,

Արդեն 14-րդ օրն է , ինչ հայ ժողովուրդը Արցախյան ճակատում հերոսամարտեր է մղում ադրբեջանաթուրքական բանակի դեմ՝ խափանելով նրա բոլոր գրոհները եւ ահաբեկչական ծրագրերը: Մեր բանակի մարտիկները հրաշքներ են գործում՝ անասելի սխրանքների գնով ջախջախելով թշնամու բանակային կազմավորումները: Նրանց շարքերում նաեւ մեր մարզի հերոս զավակներն են, որոնց անուններն արդեն փառքով են գրվել մեր պատմության մեջ:
Անշուշտ, մեծ նվիրումով ու կազմակերպվածությամբ է գործում նաեւ թիկունքը, որտեղ ամեն քայլ կատարվում է հաշվարկված, արդյունավետ ու մի ընդհանուր նպատակի շուրջ համախմբված: Ձեր նվիրաբերումների շնորհիվ թիկունքից ռազմաճակատ են հասցվում պահանջվող քանակի սնունդ, հագուստ, կենցաղային անհրաժեշտ պարագաներ, տեխնիկական միջոցներ, որով ավելի է ամրապնդվում թե առաջնագիծը, թե կենաց-մահու պայքարի մեջ գտնվող արցախահության վճռականությունը հաղթանակի հանդեպ:
Հայրենանվիրության ձեռնարկներ այս օրերին կատարում են ոչ միայն մեր մարզի բնակիչները, այլ նաեւ արտերկրում մեր մարզը ներկայացնող հայրենակիցները, որոնք նյութական ու բարոյական անգնահատելի աջակցություն են ցուցաբերում ռազմաճակատին ու առաջնագծին: Մեկ անգամ եւս հայտնելով իմ խորին երախտագիտությունը մեր հայրենակիցներին՝ ուզում եմ միաժամանակ կոչ-խնդրանք ուղղել բոլորին՝ աջակցությունը նույն նվիրումով շարունակելու եւ բազմապատկելու, քանզի առաջնագիծն առավել զգում է դրա անհրաժեշտությունը, քանզի ձեր նվիրաբերած ամեն միջոց ժամ ու վայրկյան առաջ նպաստելու է մեր հաղթանակին ու խաղաղության հաստատմանը:
Ակնկալում եմ, որ այս կոչին հավուր պատշաճի կարձագանքեն նաեւ արտերկրում մեր մարզը ներկայացնող այն գործարարները, ովքեր մինչ այս պահը դեռ հանդես չեն եկել անհրաժեշտ ձեռնարկներով: Յուրաքանչյուրիդ նվիրատվությունը՝ կարող է կյանքեր փրկել Արցախում։ Միացե՛ք համահայկական շարժմանը, ձեր աջակցությունը փոխանցելով «Հայաստան համահայկական հիմնադրամին», մուտք գործելով www.himnadram.org և « Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ», մուտք գործելով 1000plus.am հասցեներ :
Ի գործ, սիրելի հայրենակիցներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03