Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզից զինապարտների հերթական խումբը մեկնեց Արցախ

28.09.2020

Երկրում ռազմական դրություն հայտարարելու պահից սկսած՝ արդեն 2-րդ օրն է, ինչ ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանումները, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և մարզի համայնքների համատեղ ուժերով, իրականացնում են զորահավաք:
ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանման տարբեր բաժանմունքներից բազմաթիվ զինապարտ քաղաքացիներ մեկնում են Արցախ՝ աջակցելու թշնամու դեմ կռիվ տվող հերոս տղաներին:
Սեպտեմբերի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանման Գավառի բաժանմունքի ծառայողները՝ Սարուխան համայնքի հոգևոր հովիվ Ներես քահանա Սահակյանի օրհնությամբ զինապարտների հերթական խմբին ճանապարհեցին Արցախ:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը բարի ծառայություն մաղթեց տղաներին, վստահություն հայտնելով, որ նրանք արժանի հակահարված կտան թշնամուն՝ պաշտպանելով արցախահայության անքակտելի իրավունքը՝ ապրելու և արարելու սեփական հողի վրա:
«Ձեզ և այս պահին հայրենիքի սահմանները պաշտպանող տղաներին անփորձանք ծառայություն ենք մաղթում: Մենք հավատացած ենք, որ ձեզանից կախված ամեն ինչ անելու եք՝ մեր հայրենիքի սահմանները անառիկ պահելու համար: Մեզ մնում է աղոթել ձեր հաջողության համար, ասել՝ ամուր եղեք»,- նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Զինապարտ տղաների տրամադրությունը մարտական էր։ Նրանց խոսքերով՝ հայրենի սահմանների պաշտպանությունը իրենց սրբազան պարտքն է:
Սահման մեկնողների և հայրենիքի խաղաղության համար Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մոմեր վառվեցին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 10:23:27