Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառ քաղաքում կայացավ անվանի բժշկապետ Վահան Արծրունու հիշատակին նվիրված միջոցառում

26.09.2020

Գավառ քաղաքի Սամվել Քոչարյանցի հուշարձանի տարածքում Գավառի երկրագիտական թանգարանի տնօրինության նախաձեռնությամբ եւ «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառման շրջանակներում ներկայացվեց գիտական զեկուցում եւ գրական երաժշտական ցերեկույթ՝ նվիրված հայ անվանի բժշկապետ, հասարակական գործիչ-լուսավորիչ, համաճարակաբան, դպրոցական հիգիենիստ, հայագետ-բառարանագետ, Երեւանի համալսարանում բժշկական ֆակուլտետի հիմնադրման ակտիվ մասնակից, նորմալ անատոմիայի ամբիոնի հիմնադիր և անդրանիկ վարիչ, գիտությունների վաստակավոր գործիչ, շքանշանակիր, պրոֆեսոր Վահան Մարգարի Արծրունուն:
Միջոցառմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի պատասխանատու աշխատակիցներ, Գավառ քաղաքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, հանրակրթական դպրոցների աշակերտներ: Բացման խոսքով հանդես գալով՝ Գավառի երկրագիտական թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանը նշեց, որ Վահան Արծրունին ոչ միաին Նոր Բայազետի, այլ նաեւ համայն հայության պարծանքն է, ում թողած գիտական անկշռելի ժառանգությունը ոչ մի ժամանակ չի կորցնում իր արդիականությունը, իսկ օրվա միջոցառումը հարգանքի տուրք ու երախտիքի արտահայտություն է մեծ բժշկապետ գիտնականի հիշատակին: Վահան Արծրունու գիտական, գրական ու հասարակական գործունեության մասին զեկուցումով հանդես եկավ Գավառի երկրագիտական թանգարանի գիտաշխատող Մանյա Չարվադարյանը: «Արծրունյաց տոհմի գործունեությունը Ռուսաստանում, մասնավորապես Թիֆլիսում, սկսվում է 1813 թվականից, երբ մեծահարուստ Գեւորգ Աղա Արծրունին հոր մահից հետո ստանալով մեծ ժառանգություն Վանի եւ Վանա լճի կալավածքներից, 1813թ. գերդաստանով տեղափոխվում է Թիֆլիս, որտեղ մեծ գումարներ է ներդնում Թիֆլիսի վերականգնման եւ շինություններ կառուցելու համար: Բազմաթիվ ծառայությունների համար նրան շնորհվում է ազնվականի տիտղոս: Գեւորգ Արծրունին կառուցում է նաեւ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, որի համար Ամստերդամից գնում է լավագույն տպարան, որը առաջինն էր քաղաքում: Գեւորգ Աղայի երկու որդիներից Անդրեասը դառնում է հայտնի ակադեմիկոս, քիմիկոս, երկրաբան, նրա անունով է կոչվում «Արծրունի» միներալը: Մյուս որդին` Գրիգոր Արծրունին, ժամանակի նշանավոր քաղաքական գործիչ էր, փիլիսոփայության եւ քաղաքատնտեսության դոկտոր, զբաղվում էր հայ ժողովրդի ազատագրական հարցերով: Սկսած 1872թվականից՝ հիմնադրում է «Մշակ» ամսագիրը եւ դառնում նրա խմբագիրը: Հետագայում բժշկապետ Վահան Արծրունին միշտ թղթակցել է այդ օրաթերթին: Արծրունյաց տոհմի մյուս ճյուղը Հակոբ Աղա Արծրունու երեք որդիներն են, որոնցից Բարսեղն ու Մկրտիչը 1830 թվականին կազմակերպում են Հին Բայազետից հայերի ներգաղթը դեպի Սեւանի ավազան, որտեղ հիմնադրում են Նոր Բայազետ եւ Սեւան քաղաքները՝ իրենց գյուղերով: Քաղաքում կառուցում են օրիորդաց եւ արական դպրոցներ, ջրմուղ եւ հիվանդանոց: Բարսեղը Ներսես Աշտարակեցու օրոք եղել է Նոր Բայազետի հագեւոր գործերի վերատեսուչ: Նրա աճյունը ամփոփված է Սեւանա կղզու վանքի տարածքում, իսկ Մկրտիչը` Նոր Բայազետում` Սուրբ Ստեփանոս մատուռի հարեւանությամբ: Նրանց երրորդ եղբայրը` Մարգարը` Վահան Արծրունու ապագա հայրը, սկզբնական կրթությունը ստանում է Թիֆլիսում, ապա` Պետերբուրգում:
Բազմակողմանի կրթված եւ գրագետ անձնավորություն լինելով հանդերձ՝ 19-րդ դարի վերջում մեծ մասնակցություն է ունենում Թիֆլիսում ժանտախտի համաճարակի դեմ պայքարի գործում, որի համար նա պարգեւատրվում է արծաթե մեդալով եւ շքանշանով, իսկ հետագայում դառնում է զինվորական: Մարգար Արծրունին Թիֆլիսում ամուսնանում է արիստոկրատ ընտանիքի դուստր Շողակաթի հետ, ունենում են յոթ ժառանգ` չորս տղա եւ երեք աղջիկ: Զավակներից ամենափոքրը Վահան Արծրունին էր, որ ծնվում է Նոր Բայազետում 1857 թվականի հունիսի 10-ին: Ութ տարեկանում Վահանը ընդունվում է Երևանի պրոգիմնազիա: Երեք տարի հետո տեղափոխվում է Թիֆլիսի կլասիկ գիմնազիան, որտեղ սովորում է մինչեւ ավարտական 8-րդ դասարանը, սակայն հեռացվում է գիմնազիայից ուսանողական, քաղաքական անլեգալ կազմակերպություններին մասնակցելու համար եւ զրկվում է ուսումը շարունակելու իրավունքից: 1876 թվականին նա մեկնում է Փարիզ, որտեղ երկու տարի լեզուներ սովորելուց հետո ընդունվում է Փարիզի Սորբոնի համալսարանի բժշկական ֆակուլտետը, որը հաջողությամբ ավարտում է 1885 թվականին եւ պաշտպանում է դիսերտացիա «Դաստակ-նախադաստակային հոդի ռեւմատիկ այտուցը» թեմայով եւ ստանում է բժշկապետի կոչում: Փարիզում Վահանը աշխատում է կլինիկայում որպես քիթ-կոկորդ-ականջի բժիշկ, ընդունվում քիթկոկորդականջաբանության ընկերության անդամ: 1885-1890 թվականներին Փարիզում ուսումնասիրում է լեզուներ եւ մեկնում Վիեննա, ապա` Վենետիկ Մխիթարյանների մոտ: Վահան Արծրունին աշխատում է բժշկական բառարան ստեղծելու վրա, նա տիրապետում է ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունարեն, թուրքերեն լեզուներին: 35 տարեկան հասակում վերադառնում է Թիֆլիս եւ քննություն հանձնում գիմնազիայի հասունության վկայական ստանալու համար, ապա մեկ տարի անց մեկնում է Պետերբուրգ, որտեղ ռազմաբժշկական ակադեմիայում փայլուն քննություններ է հանձնում Ռուսաստանում բժիշկ աշխատելու թույլտվություն ստանալու համար: 1890 թվականին վերջապես վերադառնում է Թիֆլիս եւ նշանակվում քաղաքի սանիտարական գլխավոր բժիշկ, միաժամանակ քաղաքային ամբուլատորիայում աշխատում է որպես քիթ-կոկորդ-ականջի բժիշկ: Արծրունին 30 տարի բազմաբեղուն գործունեություն է ծավալում Թիֆլիսում թե՛ որպես սանիտարակ բժիշկ-համաճարակաբան, թե՛ որպես դպրոցական հիգիենիստ եւ թե՛ որպես լուսավորիչ-հրատարակիչ եւ գրականագետ ու գրող: Անգնահատելի են Վահան Արծրունու ծառայությունները հատկապես հայերեն բժշկական հանրամատչելի գրականություն ստեղծելու գործում: Որպես քաղաքի գլխավոր սանիտարական բժիշկ` մեծ աշխատանք է տարել հիվանդությունների կանխարգելման, մոլություններին, հատկապես ալկոհոլիզմի եւ սնոտիապաշտության դեմ պայքարելու գործում: Մեծ են Վահան Արծրունու ծառայությունները Թիֆլիսում 1892-1893 թվականներին խոլերայի բռնկված համաճարակի դեմ պայքարի գործում: Նա ամենուրեք հայտնաբերում էր հիվանդներին, մեկուսացնում և զբաղվում բուժման հարցերով: Նրա գրած «Խոլերա» գիրքը հսկայան նշանակություն ունեցավ այդ պայքարի գործում: Այն հրատարակվեց ռուսերեն, վրացերեն և թուրքերեն: «Խոլերա» գիրքը արժանացել է հատուկ Կեդխուդովյան մրցանակի: Շուտով խոլերայի համաճարակը տարածվում է նաեւ Երեւանում: Վահան Արծրունին գործուղվում է Երեւան, որտեղ տեղի սակավաթիվ բժիշկների հետ կազմակերպում է հակախոլերային պայքարի խմբակներ: Շնորհիվ նրա գործունեության` մարվում է խոլերայի համաճարակը: Արծրունին, որպես համաճարակաբան, մեծ ճանաչում է գտնում կովկասի բժշկական հասարակության մեջ: Վահան Արծրունու գործունեության մյուս ոլորտը դպրոցական առողջապահության բնագավառն է: Նրա համառ ջանքերի շնորհիվ
առաջին անգամ հայկական դպրոցներում սահմանվում է բժշկի հաստիք: Նա անվանի հայ գրողներից Հովհաննես Թումանյան, Գաբրիել Սունդուկյան և այլ գործիչներից ստացած բարեգործական միջոցներից դպրոցներում կազմակերպում է անվճար սնունդ: Ընդհանրապես Արծրունու աչքից չեն վրիպել նաև մանկական հասակի երեխաների առողջության հարցերը: Այս ուղղությամբ նա հրատարակել է մի շարք հոդվածներ` «Նորածին երեխաների խնամքը», «Մանկիկ», «Խնամատարություն առողջ երեխաների» եւ այլ ուրիշ հոդվածներ: Արծրունին հանձն է առնում ձրի աշխատել որպես բժիշկ հայկական յոթ ծխական դպրոցներում եւ սեմինարիայում: Նրա ջանքերով դպրոցներում կատարվում են մի շարք բարեփոխումներ, վատ շենքերը փոխարինվում են նորերով, բարելավվում շենքերի օդափոխումը, լուսավորումը եւ ուսուցչական կազմը: Դպրոցական հիգիենիայի բնագավառում իր կատարած ծառայությունները եւ աշխատանքային փորձը ամփոփվեցին 1895թ. լույս տեսած «Դպրոցական առողջապահություն» ծավալուն գրքում, որը մինչև օրս չի կորցրել իր արդիականությունը: Վահան Արծրունին վաղուց երազում էր ինքնուրույն հրատարակել բժշկական մեծածավալ մի հանդես: Մեծ ջանքերից հետո վերջապես 1902թ. նա թույլտվություն է ստանում հրատարակելու «Առողջապահիկ թերթիկ» պատկերազարդ հանդեսը, որի էջերում լուսաբանվել են բժշկական շատ ու շատ հարցեր: Վահան Արծրունին զբաղվել է նաև ջրաբուժության ուսումնասիրության հարցերով: Նա գրել է նաեւ «Կովկասյան հանքային ջրեր» գիրքը: Արծրունին թիֆլիսյան իր գործունեության ընթացքում գրել է մոտ 110 աշխատություն, որից 12 մենագրություն, ինչպես նաև գրական, գեղարվեստական գործեր`«Ամուսնություն» եւ «Աղջիկ» պատմվածքները, «Պատրանք» եւ «Մատնիչ» վեպերը: Նա, որպես գրականագետ, մտերմություն է ունեցել հայ գրողների հետ եւ հաճախ մասնակցել Հովհաննես Թումանյանի «Վերնատան» հավաքներին: Չնայած Թիֆլիսում ծավալած իր բազմակողմանի գործունեությանը եւ զբաղվածությանը, Վահան Արծրունին չի մոռանում իր հայերնի ծննդավայրը` Նոր Բայազետը: Նախ նա «Մեղու» ամսագրում հրատարակում եւ սերունդներին է թողնում «Նոր Բայազետի պատմությունը եւ Նոր Բայազետի բնակչության ներգաղթը դեպի Սեւանի ավազան» հոդվածները: Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում պահպանվում են այդ նյութերը եւ Արծրունյաց տոհմի երախտավորների կենսագրական տեղեկություններն ու լուսանկարները: Վահան Արծրունին հաճախ է այցելել Նոր Բայազետ և զբաղվել կուլտուրլուսավորչական գործերով: Նա ամենայն հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկի միջնորդությամբ Նոր Բայազետի Ղուլալի (այժմ Կարմիր) գյուղում բացում է դպրոց, որի գոյությունը մինչեւ սովետական կարգերի հաստատումը պահպանում է իր բարեգործական միջոցներով: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Վահան Արծրունին նշանակվում է Պյատիգորսկի ռազմական հոսպիտալի գլխավոր բժիշկ, որտեղ դրսեւորվում են նրա առողջապահության բնագավառի կազմակերպչի ունակությունները: Հայաստանում սովետական կարգերի հաստատաման առաջին օրերին Վահան Արծրունին 1920թ. հրավիրվում է Երևան եւ նշանակվում Կարմիր խաչի նախագահի տեղակալ, ապա` նախագահ: Սովետական Հայաստանի նորաստեղծ կառավարությունը 1920 թվականին ձեռնամուխ է լինում ժողովրդական համալսարան ստեղծելու գործին: Երկու տարի անց հղանում է համալսարանում բժշկական ֆակուլտետ բացելու գաղափարը: Վահան Արծրունին մի քանի այլ երախտավորների հետ միասին ակտիվ մասնակցություն է ունենում բժշկական ֆակուլտետի կազմակերպման գործում: Վահան Արծրունին, չնայած 65 տարեկան հասակին, երիտասարդական ավյունով ձեռնամուխ է լինում անատոմիայի ամբիոնի կազմակերպմանը, որի առաջին և անդրանիկ վարիչը դարձավ 25 տարի՝ մինչև իր կյանքի վերջը: 1924 թվականին վերջապես լույս է տեսնում իր երազանքի եւ երկարատեւ աշխատանքի առարկան` ռուս-լատին-հայերեն բժշկագիտական բառարանը, որը հայ իրականության մեջ նշանակալի իրադարձություն էր: Համալսարանի բժշկական ֆակուլտետի բազայի հիման վրա 1928 թվականին կազմակերպվում է առաջին բժշկական ինստիտուտը, որը տեղափոխվում է արդեն նորակառաույց անատոմիական մասնաշենք: Արծրունին պատրաստեց աշակերտների մի հիանալի սերունդ` Մկրտիչ Այվազյան, Հակոբ Հակոբյան, Սոս Աբրահամյան եւ շատ ու շատ ուրիշներ: 1925 թվականին բժշկական համալսարանի 8 դասախոսի հետ միասին Վահան Արծրունուն շնորհվում է պրոֆեսորի, իսկ 1930 թվականին՝ գիտությունների վաստակավոր գործչի կոչում: 1943-ին նա պարգեւատրվում է «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշանով, իսկ 1946թ. «Աշխատանքի արիության» մեդալով: Վահան Արծրունին վախճանվեց 1947 թվականի հուլիսի 29-ին: Արծրունու կորստյան առթիվ կառավարությունը, ի հավերժումն նրա անմահ հիշատակի, որոշեց Երեւանի բժշկական ինստիտուտում սահմանել մեկ անվանական կրթաթոշակ, վերահրատարակել Արծրունու բառարանը եւ անատոմիայի ամբիոնի թանգարանը կոչել նրա անունով: Ներկայումս թանգարանում, որպես սրբություն պահպանվում է Արծրունու սիրտը եւ ուղեղը: Թանգարանում դրված է նրա կիսանդրին եւ կենսագրական ցուցադրափեղկը: Ռեկտորատի եւ անատոմիայի ամբիոնի նախաձեռնությամբ նրա ապրած տան պատին դրվեց հուշաքար: Շուրջ 70 եւ ավելի տարի է անցել, ինչ վաստակաշատ գիտնականն ու մանկավարժը այլեւս մեզ հետ չէ, սակայն նրա պայծառ անունն ու կերպարը միշտ ուղեկցում են մեզ: Արծրունին եղավ Մխիթար Հերացու, Ամիրդովլաթ Ամասիացու, Գրիգորիսի ավանդների շարունակողը: Նա որպես հասարակական գործիչ, լուսավորիչ եւ բառարանագետ, իր ուրույն տեղն ունի հայ մեծերի շարքում»,-նշեց զեկուցողը: Գրական-երաժշտական կատարումներով հանդես եկան Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտները եւ Գավառի պետական երաժշտական քոլեջի սաները: Ամփոփելով միջոցառումը, Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Վահագն Դաբաղյանը նշեց, որ միջոցառումը կազմակերպված էր բարձր մակարդակով եւ ծառայեց իր բուն նպատակին՝ մասնակիցների համար բացահայտելով մեծանուն գիտնականի ու հասարակական գործչի բեղմնավոր գործունեության մանրամասները, հայրենասիրական ու մարդասիրական առաքելությունը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 14:28:11