Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը հերթական աշխատանքային այցերով դիտարկեց սուբվենցիոն ծրագրերի ընթացքը

23.09.2020

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով սեպտեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղավ Մարտունի քաղաքում, Լիճք և Ծակքար համայնքներում: Մարզպետին ուղեկցում էին ՀՀ ՏԿԵ նախարարի խորհրդական Գոռ Ավետիսյանը և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը: Մարտունի քաղաքում մարզպետը ծանոթացավ ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվող Կամոյի անվան փողոցի շինարարության ընթացքին:
Ճանապարհի հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմել է 635 միլիոն դրամ:Հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը կազմում է 1,5 կիլոմետր, ասֆալտապատման մակերեսը՝ շուրջ 25 հազար 500 մետր քառակուսի: Սեպտեմբերի 22-ի դրությամբ իրականացվել են հողային հանույթի հեռացման, մայթերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման, հեղեղատար կոյուղու կառուցման, Մարտունի գետի կամրջի վերանորոգման, ճանապարհային ծածկի հիմնանորոգման, արհեստական կառուցվածքների եւ երթեւեկության անվտանգության տարրերի վերականգնման աշխատանքներ: Մոտ 50 տոկոսի չափով տեղադրվել է ասֆալբետոնյա ներքին շերտը, առաջիկայում կտեղադրվի նաեւ վերին շերտը: Աշխատանքներն ավարտված են շուրջ 60 տոկոսի չափով: Այցի արդյունքում քննարկվեցին աշխատանքների ընթացքում ի հայտ եկած խնդիրները, որոնց վերաբերյալ տրվեցին համապատասխան հանձնարարականներ:
Լիճք համայնքում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը դիտարկեց այս տարի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկած և արդեն սեպտեմբերի սկզբներին ավարտի հասցված Ա 6 թաղամասի թիվ 1 , Ա 2 թաղամասի թիվ 1 և 9-րդ փողոցներում կատարված ասֆալտապատման աշխատանքները: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է շուրջ 82 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Լիճքի համայնքապետարանը։ Ասֆալտապատվել է 1420 մետր ընդհանուր երկարության ճանապարհ, որից Ա-6 թաղամասի թիվ 1 փողոցում՝ 870, Ա-2 թաղամասի թիվ 1 փողոցում՝ 450 եւ թիվ թիվ 9 փողոցում՝ 100 գծամետր երկարությամբ: Ասֆալտապատ փողոցների ընդհանուր մակերեսը կազմել է 7633 քառակուսի մետր:
Մարզպետի այցի հաջորդ կանգառը Ծակքար համայնքի բնական քարե կամուրջ-հուշարձան տանող ճանապարհի շինհրապարակում էր: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է շուրջ 18 միլիոն 200 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ծակքարի համայնքապետարանը: Ծակքարի բնական քարե կամուրջ-հուշարձան տանող ճանապարհի կառուցումը ներառում է ասֆալտապատման, ջրահեռացման համակարգի տեղադրման, հենապատի ու ճեմուղու կառուցման եւ այլ կարգի աշխատանքներ: Շինարարությունն ընթանում է սեպտեմբերի 10-ից: Սեպտեմբերի 22-ի դրությամբ ավարտվել են հողի հանույթի եւ հեռացման, ծածկույթի հարթեցման եւ մեկ հենապատի կառուցման աշխատանքները: Սկսվում է երկրորդ հենապատի կառուցումը եւ 150 մետր ճանապարհահատվածի սալիկապատումը: Այնուհետև կկառուցվի երկու ճեմուղի, որից մեկը կտանի դեպի բնական քարե կամուրջ, մյուսը՝ գետափի մոտ գտնվող խաչքար-հուշարձան: Նորակառույց ճանապարհը մեծապես կխթանի զբոսաշրջության աշխուժացմանը ինչպես Ծակքարում, այնպես էլ տարածքի մյուս համայնքներում: Գնել Սանոսյանն աշխատանքների դիտարկումից հետո շինարարներին տվեց համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ: Շրջայցի ավարտին Գեղարքունիքի մարզպետը բավարար գնահատեց իրականացվող շինարարական աշխատանքների որակը: «Ընդհանուր առմամբ մարզում շարունակվում է շինարարական եռուզեռը, և այս ու մարզի զգալի թվով համայնքներում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Իսկ նման պարբերական բնույթ կրող այցերի ընթացքում մենք դիտարկում ենք, թե ինչպիսի ընթացք ունի շինարարությունը, ինչ թերություններ և խնդիրներ կան, և փորձում ենք դրանք շինարարությանը զուգընթաց շտկել, որպեսզի վերջնահաշվարկում որակով արված աշխատանքներ ունենանք»,-ասաց Գնել Սանոսյանը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 16:58:26