Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի եւ Գեղարքունիքի մարզպետի մասնակցությամբ Գավառ քաղաքում եւ Վերին Գետաշեն համայնքում բացվեցին նախակրթարաններ

19.09.2020

Սեպտեմբերի 19-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ ժամանեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Այցի ընթացքում նրան ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Այցի առաջին կանգառը Վերին Գետաշեն համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցում էր, որտեղ սկսվող նոր ուսումնական տարին նշանավորվեց նախակրթարանի բացմամբ: Դպրոցի տնօրեն Հասմիկ Բաղդասարյանի ներկայացմամբ՝ Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի նախակրթարանի հիմնման ընդհանուր բյուջեն կազմել է 11 միլիոն 949 հազար դրամ, որից 4 միլիոն 820 հազար դրամը կազմել է Վերին Գետաշենի համայնքապետարանի համաֆինանսավորումը: Մնացած գումարը ներդրվել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020 թվականի հունիսից եւ ավարտվել օգոստոս ամսվա ընթացքում: Համայնքում նախադպրոցական կրթությանն զարգացմանն աջակցելու նպատակով վերին գետաշենցի բարերար Արման Ռուբենյանը հատկացրել է 1 միլիոն 800 հազար դրամ՝ նախակրթարանում եւս մեկ սենյակ հիմնանորոգելու եւ լրացուցիչ 1 խումբ բացելու համար: Համայնքի ղեկավար Տիգրան Մուրադյանի ներկայացմամբ՝ այս պահի դրությամբ Վերին Գետաշենում նախադպրոցական կրթության կարիք ունեն 2015 թվականին ծնված 75 երեխա: Նրանցից 30-ն ընդունվել են համայնքի մանկապարտեզ, 25-ը՝ նորաբաց նախակրթարան: «Մնացած երեխաների համար կարող ենք բացել երկրորդ խումբը, եթե հասցնենք բարերարի միջոցներով արդեն նորոգված դասասենյակի համար ձեռք բերել պահանջվող գույքը: Անհրաժեշտ է կարգավորել նաեւ ջեռուցման խնդիրը, որպեսզի նախակրթարանը կարողանա անխափան գործել նաեւ ձմռան ամիսների ընթացքում»,- ներկայացրեց համայնքի ղեկավարը:
Մարզպետ Գնել Սանոսյանը գույքի ձեռքբերման եւ ջեռուցման խնդիրների կարգավորման հարցերում խոստացավ իր աջակցությունը: Նախարար Արայիկ Հարությունյանն իր գոհունակությունը հայտնեց շինարարական աշխատանքների որակից, միաժամանակ շեշտելով, որ նման ժամանակակից նախակրթարանի կողքին անշուք է թվում դպրոցի շենքը, որտեղ հիմնանորոգման խիստ կարիք է զգացվում:
«Նախակրթարանները ստեղծվում են մարզպետարան-համայնք - նախարարություն եռակողմ համագործակցության արդյունքում, եւ ես ուզում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել ԿԳՄՍ նախարարությանը՝ ցուցաբերած աջակցության համար:
Արդեն երրորդ տարին է, ինչ Գեղարքունիքի մարզում նախակրթարաններ են բացվում, իսկ այս տարի դրանց թիվը 5-ն է: Դրանք գործելու են Վարդենիսում, Երանոսում, Լուսակունքում, Վերին Գետաշենում եւ Գավառում: Նման ծրագրերի իրականացմամբ մենք կարողանում ենք նաեւ մանկապարտեզների հետ կապված խնդիրները որոշակիորեն լուծել եւ տարիքային այդ խմբի երեխաներին ուղորդել դեպի նախակրթարաններ: Ասեմ նաեւ, որ մարզում այս տարի եւս 12 մանկապարտեզ է կառուցվում, եւ բնական աճի հետ զուգընթաց մենք փորձում ենք մեր համայնքներում արագ կարգավորել մանկապարտեզների եւ նախակրթարանների վիճակը, որպեսզի մեր մարզում ոչ մի երեխա դուրս չմնա նախադպրոցական կրթությունից»,- իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
ՀՀԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը այնուհետ այցելեցին Գավառի թիվ 5 հիմնական դպրոց, որտեղ եւս մասնակցեցին նախակրթարանի բացման արարողությանը:
Դպրոցի տնօրենի հավաստմամբ՝ հատկապես խիտ բնակեցված բազմաբնակարան բնակելի շենքերի եւ հարակից տարածքների նախադպրոցական տարիքի երեխաները մանկապարտեզ չլինելու պատճառով զրկված էին նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունից: Իսկ այժմ արդեն, նրանք, շնորհիվ այս կառույցի, ունեն այդ հնարավորությունը:
Դպրոցի առաջին հարկում հիմնված նախակրթարանն ունի առանձին մուտք, կահավորված 2 դասասենյակ, հանդերձարան եւ սանհանգույց: Այստեղ երկու հերթով նախադպրոցական կրթություն կստանա 30 սան: Նախակրթարանի հիմնումն իրականացվել է «Նախադպրոցական կրթություն» միկրոծրագրի շրջանակներում: Ծրագրի ֆինանսավորող կողմեր են հանդիսանում «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակը եւ Գավառի համայնքապետարանը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 9 միլիոն 314 հազար դրամ: Դրամաշնորհային ծրագրում «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի ներդրումը կազմում է 6 միլիոն 634 հազար դրամ, իսկ Գավառի համայնքապետարանը ներդրել է 2 միլիոն 680 հազար դրամ: «Փորձը ցույց է տվել, որ բոլոր այն երեխաները, ովքեր մինչև դպրոց գնալը հաճախում են նախադպրոցական ուսումնական հաստատություններ, նրանց մոտ կրթական գործընթացը շատ ավելի դյուրին է լինում եւ երեխաներն ավելի մեծ հաջողություն են ունենում ուսման ընթացքում: Եվ դա է պատճառը, որ ՀՀ կառավարության ծրագրում ունենք այսպիսի դրույթ, որ մինչեւ 2023 թվականը 3-6 տարեկան սաների 70 տոկոսը պետք է հաճախեն նախադպրոցական ուսումնական հաստատություններ: Գեղարքունիքի մարզում այս տարի հիմնած նախակրթարանները դպրոցների տարածքներում են, որտեղ վերանորոգման աշխատանքներն ընթանում են համաֆինանսավորման արդյունքում: Նախակրթարանների գործունեությունը հնարավորություն է տալիս 4-6 տարեկան սաներին ներգրավել նախադպրոցական կրթության գործընթացում: Նախակրթարաններ հիմնում ենք այն համայնքներում, որտեղ առկա է համաֆինանսավորում եւ որտեղ դրա կարիքը կա: Գեղարքունիքի մարզում նկատելի աճ է արձանագրվում ծնելիության առումով, եւ դրան զուգընթաց մենք պետք է արագ տեմպերով լուծում տանք նաեւ նախադպրոցական կրթության համակարգի ընդլայնմանը»,- նշեց ԿԳՄՍ նախարարԱրայիկ Հարությունյանը:
Նախակրթարանի բացման առթիվ Գավառի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն Արաքսյա Վարդանյանը գրքեր նվիրեց հյուրերին եւ դպրոցի տնօրենի անունից շնորհակալագիր՝ Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանին՝ նախակրթարանի ստեղծման աշխատանքներին աջակցելու համար:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59