Տպել
Նորություններ
Գեղարքունիքի մարզպետը Չկալովկայում դիտարկեց ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը
14.09.2020

Սեպտեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Չկալովկա համայնք՝ դիտարկելու ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի ընթացքը, որի շրջանակներում հիմնանորոգվում է գյուղի կենտրոնական ճանապարհը եւ հրապարակը:
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 97 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Չկալովկայի համայնքապետարանը: Ծրագրով նախատեսվում է ասֆալտապատել թիվ 1,2,4 փողոցները եւ հրապարակը: Հիմնանորոգումն իրականացվում է շուրջ 1 կիլոմետր 700 մետր երկարությամբ եւ 12 հազար քառակուսի մետր մակերեսով: Շինարարական աշխատանքները մեկնարկել են մի քանի օր առաջ եւ ավարտի կհասցվեն այս տարվա ընթացքում: Արդեն կիսով չափ ավարտել են ասֆալտբետոնյա հին շերտի ֆրեզման աշխատանքները եւ հանված հումքով հարթեցվել ու բարեկարգվել են գյուղի գերեզմանոց տանող ճանապարհը եւ երկրորդական փողոցների ճանապարհահատվածներ:
Չկալովկա համայնքի ղեկավար Վահրամ Կարապետյանի հավաստմամբ՝ Չկալովկայում ճանապարհների հիմնանորոգում չէր իրականացվել 1980-ական թվականներից ի վեր, այնպես որ, այս ծրագրի իրականացման դերն ու նշանակությունն անգնահատելի է համայնքի համար:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի գնահատմամբ՝ կենտրոնական ճանապարհի հիմնանորոգումը նպաստելու է Չկալովկայի ենթակառուցվածքների զարգացմանը, հանրային ու տնտեսական կյանքի աշխուժացմանը, հյուրատնային բիզնեսի եւ գյուղական տուրիզմի ծավալմանը: