Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հացահատիկի բերքահավաքն ընթանում է բարձրադիր գոտիներում

03.09.2020

Գեղարքունիքի մարզում աստիճանաբար ավարտին է մոտենում հացահատիկի բերքահավաքը: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, 2020 թվականի սեպտեմբերի 2-ի դրությամբ մարզում ցանված 10 հազար 523 հեկտար աշնանացան ցորենի արտերից արդեն հնձված է շուրջ 9500 հեկտարը: Մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 22 ցենտներ: Մարզում 450 հեկտար տարածք զբաղեցնող աշնանացան ցորենի արտերից հնձված է 400 հեկտարը՝ 14,3 ցենտներ միջին բերքատվությամբ: Այս տարի 11 հազար 452 հեկտար զբաղեցրել են գարու արտերը, որոնցից հնձված է շուրջ 10 հազար հեկտարը: «Բերքահավաքն այժմ ընթանում է բարձրադիր գոտու արտերում: Մինչեւ սեպտեմբերի կեսերը այն կավարտվի, բնականաբար՝ չգոհացնող արդյունքներով: Ցածր արդյունքների հիմնական պատճառներից մեկն անբարենպաստ եղանակն էր: Սակայն զգացվում էր նաեւ բարձրորակ սերմացուների պակասը, որը շատ տնտեսությունների համար դեռեւս քիչ հասանելի էր: Այժմ արդեն բարձրորակ սերմացուների ձեռքբերումը պետության կողմից սուբսիդավորվում է, եւ կա հնարավորություն, որ այս աշնանը հողին պահ տրվեն ավելի բերքատու եւ կենսունակ սերմեր: Ի տարբերություն ցածր արդյունքների, այս տարի բարձր բերք է ստացվել Ծովագյուղի հացահատիկի որոշ ցանքերից: «Ծովի դուզ» եւ «Շիրինբուլախ» կոչվող տարածքներում ցանված շուրջ 32 հեկտար հացահատիկի արտերից աննախադեպ բարձր բերք է հավաքվել: Այս տեղերում աշնանացան ցորենի արտերի 1 հեկտարից հավաքվել է մինչեւ 75, գարու արտերի 1 հեկտարից՝ մինչեւ 37 ցենտներ բերք, որը երկու-երեք անգամ գերազանցել է մարզի տարեկան միջին արդյունքները: Կարծում ենք, որ բարձր բերքատվությանը նպաստել են ամռան ընթացքում տեղացած անձրեւները, նաեւ՝ հողին պահ տրված որակյալ սերմացուները, որոնք տնտեսությունները ձեռք են բերել Գեղարքունիքի մարզպետարանի եւ Ծովագյուղի գյուղապետարանի համագործակցության արդյունքում»,-տեղեկացրին մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38