Տպել
Նորություններ
Ընդլայնվել է անպտղության բուժման եւ արհեստական բեղմնավորման պետական ծրագրից օգտվող շահառուների ցանկը
24.08.2020

ՀՀ կառավարության որոշմամբ այսուհետ անպտղության բուժման եւ արհեստական բեղմնավորման պետական ծրագրից օգտվելու իրավունք ունեն նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի 2 տարի եւ ավելի անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում՝ առանց 2 տարվա սահմանափակման) անզավակ զույգերը:
Շահառուները պետք է միաժամանակ բավարարեն հետևյալ լրացուցիչ պահանջներին`
1) ամուսինները կամ ամուսիններից մեկը հանդիսանում է ՀՀ քաղաքացի և ամուսնությունը գրանցված է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով,
2) կինը պատկանում է 20-35 (ներառյալ) տարիքային խմբին։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի սահմամերձ բնակավայրերն են՝ Ճամբարակ եւ Վարդենիս քաղաքները, Արծվաշեն, Վահան, Թթուջուր, Արտանիշ, Ջիլ, Կուտական, Վերին Շորժա, Ծափաթաղ, Փամբակ, Դարանակ, Գեղամասար, Ավազան, Արփունք, Նորաբակ, Կութ, Արեգունի, Կախակն, Տրետուք, Շատվան գյուղերը:
Այս ծրագրից օգտվելու իրավունք ունեն նաև Գեղարքունիքի մարզի բոլոր բնակավայրերի զինծառայողները կամ զինծառայողներին հավասարեցված անձինք, հաշմանդամության կարգ ունեցողները, ընտանեկան նպաստ ստացող 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուները:
Ծրագրում ընդգրկվելու համար շահառուները պետք է դիմեն ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն՝ հեռ․ 060 65 06 23։