Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց կատարեց Գեղարքունիքի մարզ

17.08.2020

Օգոստոսի 17-ին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով եղավ Գեղարքունիքի մարզում։
Վարչապետին ուղեկցում էին Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Այցի առաջին կանգառը Լճաշեն համայնքի «Մանչուկ» մանկապարտեզում էր, որտեղ այս պահին շինարարական աշխատանքներ են ընթանում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում:
Լճաշեն համայնքի ղեկավարի ներկայացմամբ, մանկապարտեզի հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմում է 18 միլիոն դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Լճաշենի համայնքապետարանը: 120 տեղանոց կառույցի շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա հոկտեմբերին։
Ապա Վարչապետը եղավ Գանձակ համայնքի Բաղրամյան փողոցում, որտեղ ընթանում են ասֆալտապատման եւ կենտրոնական հրապարակի հիմնանորոգման աշխատանքները։ Բաղրամյան փողոցը հիմնանորոգվում է պետական միջոցներով։ Ճանապարհաշինական աշխատանքները մեկնարկել են նախորդ տարվա վերջերից եւ կավարտվեն այս տարվա սեպտեմբերին։ Ճանապարհի երկարությունը երկու կիլոմետր է, ասֆալտապատվող մակերեսը`13 հազար քառակուսի մետր։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 318 միլիոն 600 հազար դրամ:
Այցի հաջորդ կանգառը Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Երանոս-Հայրավանք հատվածի 25,5 կիլոմետրանոց ճանապարհահատվածում էր, որտեղ օգոստոսի առաջին օրերից մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները: Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի Երանոս-Ծակքար հատվածի հիմնանորոգման ծրագրի նախահաշվային արժեքը կազմել է 796 միլիոն դրամ, պայմանագրային արժեքը՝ 637,5 միլիոն դրամ:
Օգոստոսի 17-ի դրությամբ շինարարությունն արդեն իրականացված է ավելի քան 60 տոկոսով: Առանձին հատվածներում տեղադրվել են ջրահեռացման համակարգեր: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում: Այն իրականացնում է «ԱԱԲ Պրոյեկտ» ՍՊԸ-ն:
Ծովասար համայնքում Նիկոլ Փաշինյանը ծանոթացավ մանկապարտեզի կառուցման աշխատանքներին: Համայնքի ղեկավարի ներկայացմամբ Ծովասար գյուղի մանկապարտեզի շենքի շինարարության մեկնարկը տրվել է 2019 թվականին, իսկ ավարտը նախատեսված է 2020 թվականի վերջերին: Շինարարությունն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 203 միլիոն դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Ծովասարի համայնքապետարանը:
Նորակառույց մանկապարտեզն ունենալու է 100 տեղ՝ 4 խմբով: Ծովասարն իր պատմության մեջ գործող մանկապարտեզ կունենա առաջին անգամ:
Այնուհետ ՀՀ Վարչապետն այցելեց Լիճք համայնք՝ դիտարկելու ներհամայնքային ճանապարհների հիմնանոգման ընթացքը:
Արդեն տաս օր է, ինչ Լիճք համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կատարվում են ներհամայնքային փողոցների հիմնանորոգման աշխատանքներ: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 82 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Լիճքի համայնքապետարանը։
Վարդենիկ համայնքում եւս Վարչապետը ծանոթացավ ճանապարհաշինական աշխատանքներին: ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կհիմնանորոգվի Վարդենիկի երաժշտական դպրոցը, կկառուցվի եւ կվերակառուցվի լուսավորվածության ցանցը, կասֆալտապատվի 12 փողոց: Վարդենիկում ներհամայնքային փողոցների ասֆալտապատման ծրագիրը մեկնարկել է օգոստոսի առաջին օրերից: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 290 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Վարդենիկի համայնքապետարանը:
Արծվանիստ համայնքում եւս այցի նպատակը ճանապարհաշինական աշխատանքների դիտարկումն էր: Այս տարի Արծվանիստում սուբվենցիոն եւ պետական ծրագրերով հիմնանորոգվում է շուրջ 3800 գծամետր երկարության ճանապարհ: Պետական միջոցների հաշվին ասֆալտապատվող ճանապարհների երկարությունը կազմում է շուրջ 3,3 կիլոմետր, ընդհանուր մակերեսը՝ 22 հազար քառակուսի մետր: Շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է 451 միլիոն դրամ: Ծրագրի շրջանակներում հիմնանորոգվում են նաեւ Վանեվան պատմաճարտարապետական համալիր եւ Արծվանիստի գերեզմանոց տանող ճանապարհները: Համայնքի 22-րդ փողոցի ասֆալտապատումը, որի աշխատանքները մոտենում են ավարտին։ Արծվանիստում ավարտական փուլում է գտնվում եւս սուբվենցիոն երկու ծրագիր, որոնցից մեկը խմելու ջրի մատակարարման համակարգի նոր աղբյուրակապի եւ սնման ջրատարի կառուցումն է մյուսը՝ մանկապարտեզի տանիքի հիմնանորոգումը:
Վարչապետն այցի ավարտին հասցրեց լինել նաեւ Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս միջպետական ճանապարհի Արեգունի-Ծափաթաղ 12,5 կիլոմետր երկարությամբ հիմնանորոգված եւ Դրախտիկ-Շողակաթ հիմնանանորոգվող ճանապարհահատվածներում: ինչպես ներկայացրեց շինարարական աշխատանքներն իրականացրած «Կապավոր» ՍՊԸ ներկայացուցիչը, Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս միջպետական ճանապարհի Ծափաթաղ-Արեգունի 12,5 կիլոմետր երկարության գրունտային հատվածի ասֆալտապատման աշխատանքների համար նախորդ տարի պետբյուջեի միջոցներից հատկացվել է 1 միլիարդ 457 միլիոն դրամ, որի արդյունքում կատարվել է հիմքի եւ միաշերտ ասֆալտբետոնյա ծածկի կառուցում: Նույն ճանապարհահատվածում ճանապարհաշինական երկրորդ խոշոր ծրագիրը, որն իրականացվել է այս տարվա ընթացքում, ընթանում է Դրախտիկ-Շողակաթ հատվածում, 20 կիլոմետր երկարությամբ: Ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 2 միլիարդ 629 միլիոն դրամ, պայմանագրային արժեքը՝ 1 միլիարդ 800 միլիոն դրամ: Շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին:
Ամփոփելով այցի արդյունքները՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր գոհունակությունը հայտնեց Գեղարքունիքում ընթացող շինարարական եռուզեռից:
«Ես գործնականում Սեւանա լճի շուրջ պտույտներ կատարեցի, շատ կանգառներ կատարեցի, ու այցից շատ տպավորված եմ: Ինչի վրա եմ ուզում ուշադրություն հրավիրել: Նախ, մենք 2018 թվականին մի ռազմավարություն մշակեցինք այն մասին, որ Սեւանա լիճը շրջապատող ճանապարհները պետք է լինեն բարեկարգ եւ հասանելի: Հիմա մենք գտնվում ենք այդ ռազմավարության իրականացման եզրափակիչ փուլում:
Այսօրվա դրությամբ Սեւանա լճի շրջակայքի ճանապարհն արդեն հասանելի է: Սրանով Սեւանի արեւելյան ափի տնտեսական զարգացման հիմքն է դրվել նաեւ: Սեւանա լճի արեւելյան ափերում այս ռազմավարության կյանքի կոչումից հետո կիրականացվեն զբոսաշրջությանն ուղղված լուրջ ներդրումային ծրագրեր: Բայց ցանկալի է, որ դրանք լինեն էկոտուրիզմի տրամաբանության մեջ, որպեսզի չտուժի շրջակա միջավայրը: Ինչ տեսա ես գյուղական բնակավայրերում: Ես տեսա փողոցներ, որոնք երբեք ասֆալտապատ չեն եղել կամ վերջին անգամ ասֆալտապատվել են 30֊40 տարի առաջ, չեն ունեցել ջրահեռացման համակարգեր, լուսավորություն, սակայն այսօր արդեն տեսնում ենք այդ ձեռքբերումները:
Ես տեսա համայնքներ, որոնք չունեին մանկապարտեզներ, բայց այսօր դրանք կառուցվում են զրոյից: Այսօր Գեղարքունիքի մարզում մենք տեսանք հսկայածավալ աշխատանքներ, եւ ես արձանագրում եմ, որ տարածքային համաչափ զարգացման մեր որդեգրած բանաձեւն աշխատում է, եւ այդ բանաձեւի անունը կոչվում է սուբվենցիոն ծրագիր:
Գեղարքունիքում այդ ծրագրերի ընդհանուր արժեքն անցնում է 6 միլիարդ դրամի սահմանները: Ես այս շրջագայությունն իմ մեջ պայմանականորեն անվանեցի հեղափոխության բերքահավաք:

Սա ինձ լավատեսություն է տալիս ասելու, որ Հայաստանի Հանրապետությունը վերածվում է մի մեծ շինհրապարակի»,-նշեց Վարչապետ Փաշինյանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-15 16:54:30