Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Կարճաղբյուր, Ակունք եւ Վարդենիս համայնքների շինհրապարակներ

12.08.2020

Օգոստոսի 12-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց Կարճաղբյուր, Ակունք եւ Վարդենիս համայնքների շինհրապարակներ՝ դիտարկելու սուբվենցիոն կամ այլ ծրագրերով իրականացվող շինարարությունների ընթացքը: Կարճաղբյուր համայնքում Գնել Սանոսյանը եղավ թիվ 3-րդ եւ 15-րդ փողոցներում, որտեղ արդեն ավարտին են մոտենում ճանապարհաշինական աշխատանքները: Ինչպես ներկայացրեց Կարճաղբյուր համայնքի ղեկավար Տարոն Քոչարյանը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 48 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Կարճաղբյուրի համայնքապետարանը: Ըստ համայնքի ղեկավարի՝ այս աշխատանքների իրականացմամբ ամբողջանում է գյուղի կենտրոնական ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը, որը կատարվել է նախորդ տարիների ընթացքում, մի քանի փուլերով: 870 գծամետր ասֆալտապատում է արվել կենտրոնական փողոցում: Եվս 180 գծամետր երկարությամբ ասֆալտապատվել է գյուղի գերեզմանոց տանող ճանապարհը: Շինաշխատանքներն ավարտված են մոտ 90 տոկոսով: Մարզպետը շինարարության ոչ բավարար որակի շուրջ արեց համապատասխան դիտողություններ՝ հրահանգելով շտկել նկատված թերությունները եւ կարգավորել շինարարության ընթացքում ի հայտ եկած խնդիրները:
Ակունքում Գնել Սանոսյանն այցելեց մշակույթի տուն եւ զբոսայգի, որտեղ ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են շինարարական աշխատանքներ: Ինչպես ներկայացրեց Ակունք համայնքի ղեկավար Նիկոլա Խաչատրյանը, Ակունքի մշակույթի տան բակի պուրակի բարեկարգման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմել է 12 միլիոն 736 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 5 միլիոն 731 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 7 միլիոն դրամը՝ Ակունքի համայնքապետարանը: Ակունքի արարողությունների սրահի հիմնման ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 9 միլիոն 300 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 4 միլիոն 185 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 5 միլիոն 115 հազար դրամը՝ Ակունքի համայնքապետարանը: Մշակույթի տան բակի պուրակում տեղադրվում են եզրաքարեր եւ հուշաքարեր, նստարաններ, կատարվում է սալիկապատում: Արարողությունների սրահը հիմնվում է մշակույթի տան շենքի տարածքում: Հատկացված գումարի շրջանակում այստեղ իրականացվում է ներքին հարդարման եւ վերակառուցման աշխատանքներ:Շինարարական աշխատանքները մեկնարկել են հուլիսի կեսերից եւ կավարտվեն այս տարվա ընթացքում: Ակունքի Բարեկամություն եւ Շահումյան փողոցների հատվածների ասֆալտապատման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 13 միլիոն 159 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 7 միլիոն 895 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 5 միլիոն 263 հազար դրամը՝ Ակունքի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքների մեկնարկը կտրվի առաջիկայում: Բարեկամություն փողոցի մի հատվածը կասֆալտապատվի 246, Շահումյան փողոցի մի հատվածը՝ 120 գծամետր երկարությամբ:
Մարզպետն Ակունք համայնքի ղեկավարի հետ քննարկեց Ակունքի բուժամբուլատորիան նոր շենք տեղափոխելու խնդիրը: <<Ակունքի բուժամբուլատորիան գործում է Ակունքի դպրոցի շենքի տարածքում, ինչն արդեն դառնում է անհնարին կամ անթույլատրելի համավարակի տարածման վտանգի պայմաններում: Մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի ամենասեղմ ժամկետներում կարողանանք բուժամբուլատորիան տեղափոխել համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող շենքի տարածք, որտեղ պետք է իրականացնենք հիմնանորոգման աշխատանքներ>>,-ներկայացրեց Գնել Սանոսյանը:
Վարդենիս քաղաքում մարզպետն այցելեց Վիկտոր Համբարձումյանի անվան զբոսայգի, որտեղ ընթանում են ներառական նոր խաղահրապարակի կառուցման աշխատանքները: Ինչպես ներկայացրեց համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը, ծրագիրն իրականացվում է Վարդենիսի համայնքապետարանի,ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի, Հայաստան Համահայկական հիմնադրամի եւ ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի համագործակցությամբ:Շինարարական աշխատանքները մեկնարկել են մի քանի օր առաջ եւ ավարտի կհասցվեն առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացքում:<<Այս ծրագիրն ամբողջացնում է Վիկտոր Համբարձումյանի անվան զբոսայգու վերակառուցման ու բարեկարգման գործընթացը, որը սկսվել էր նախորդ տարվա ընթացքում, սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:Վարդենիսի ներառական խաղահրապարակն իր բովանդակությամբ երկրորդն է Հայաստանում:Մեր ուշադրության կենտրոնում ենք պահելու զբոսայգին ավելի բարետես, ավելի ժամանակակից դարձնելու խնդիրը>>,-ներկայացրեց Վարդենիս համայնքի ղեկավարը:Այցի շուրջ իր տպավորություններով կիսվեց Գնել Սանոսյանը.<<Կարճաղբյուրում մեզ չգոհացրեց շինարարության որակը: Շինարարին ցուցում է տրված՝ հնարավորինս արագ շտկելու թերությունները: Առիթից օգտվելով՝ ուզում եմ զգուշացնել շինարարներին, որ ոչ մի անորակ շինարարություն մեր տեսադաշտից դուրս չի մնա, դրա դիմաց վճարում չի կատարվի: Ուստի կոչ եմ անում՝ աշխատանքներն իրականացնել միայն նախագծին ու սահմանված չափորոշիչներին համապատասխան: Ակունքում եւ Վարդենիսի քաղաքային զբոսայգում իրականացվող աշխատանքները գոհացուցիչ ընթացք ցույց տվեցին>>,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11