Տպել
Օգոստոսի առաջին օրերից Գեղարքունիքի մարզի տնտեսություններում սկսվել է հացահատիկի բերքահավաքը: Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության տվյալներով հացհունձը սկսվել է ցածրադիր գոտու ցանքատարածություններից, սակայն առայժմ սակավ արդյունքներով: «Աշնանացան ցորենի արտերի մեկ հեկտարից հավաքվում է մինչեւ 20, գարու արտերից՝ մինչեւ 12-13 ցենտներ բերք: Այսօրվա դրությամբ հնձվել են մոտ 350 հեկտար հացահատիկի արտեր: Մարզի տնտեսություններում այս տարի ցանվել է շուրջ 23 հազար հեկտար հացահատիկ, որից 10,5 հեկտարը կազմում են աշնանացան ցորենի արտերը: Հացահատիկի բերքահավաքը կշարունակվեն մինչեւ սեպտեմբերի կեսերը: Եղած տեխնիկական միջոցները բավարար են՝ բերքահավաքը ժամանակին ավարտելու համար:Այս օրերին շարունակվում է նաեւ անասնակերի բերքահավաքը՝ դարձյալ ցածր արդյունքներով: Այն այժմ ընթանում է բարձրադիր գոտիներում, որտեղ եւս բուսածակույթը շատ սակավ է:Գարնանային ցրտերը եւ երաշտը աննպաստ պայմաններ ստեղծեցին անասնակերի աճի համար, եւ հիմա շատ տնտեսություններում զգացվում է անասնակերի խիստ կարիք: Ստեղծված իրավիճակի պատճառով բարձրացել է անասնակերի գինը. Մեկ հակ խոտը վաճառվում է 1100-ից մինչեւ 1500 դրամի սահմաններում»,- տեղեկացնում են վարչությունից։
Նորություններ
Գեղարքունիքի մարզի տնտեսություններում սկսվել է հացահատիկի բերքահավաքը
06.08.2020
