Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը ԶԼՄ-ների առջև հանդես եկավ 2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների մասին մամուլի ասուլիսով

24.07.2020

Հուլիսի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Շողակաթ համայնքի՝ Նկարիչների միության «Նկարիչ» ստեղծագործական հանգստյան տան տարածքում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին հաշվետվություն ներկայացրեց 2020 թվականի առաջին կիսամյակում մարզում կատարված աշխատանքների եւ տարվա ընթացքում նախատեսված առաջնահերթ անելիքների մասին: Մինչ ասուլիսի մեկնարկը՝ մարզպետը լրագրողներին Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհի 20 կիլոմետրանոց հատվածում ընթացող շինարարական տեղամասում ծանոթացրեց շինարարական աշխատանքների ընթացքին՝ միաժամանակ անդրադառնալով պետության միջոցներով իրականացվող ճանապարհաշինական այս խոշոր ծրագրի ռազմավարական նշանակությանը: «Ծրագրով նախատեսված է հիմքի եւ երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի, 5 կամրջի եւ 7 կամրջային անցումների կառուցում, 15 հազար 225 մետր երկարության մետաղական արգելապատնեշի տեղադրում, կահավորում, գծանշում: Միայն ասֆալտի երկրորդ շերտի տեղադրումը կընդգրկի 144 հազար քառակուսի մետր մակերես, որին կգումարվի եւս 4500 քառակուսի մետրը՝ մուտքերում եւ ուղիներում: Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա հունիսի կեսերից: Արդեն տեղադրվել է ասֆալտի ներքին շերտը 20 կիլոմետր երկարությամբ, 2 կիլոմետրով էլ տեղադրվել է ասֆալտի երկրորդ շերտը: Այսօրվա դրությամբ, կարելի է ասել, որ կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 70 տոկոսը, ու եթե եղանակային պայմանները թույլ տան, ապա առաջիկա երկու շաբաթների ընթացքում ճանապարհի այս հատվածում հիմնանորոգման աշխատանքները կհասցվեն ավարտի: Ասֆալտբետոնյա շերտը կազմելու է 30 սանտիմետր: Պետք է շեշտել, որ Սեւանա լճի հյուսիսային ափով մեկ ձգվող միջպետական նշանակության ճանապարհին հիմնանորոգում վերջին անգամ իրականացվել է 1974 թվականին: Պետական միջոցներով նախորդ երկու տարիներին այս ճանապարհի Ծովագյուղ-Դրախտիկ եւ Արեգունի-Դարանակ հատվածներում տասնյակ կիլոմետրերով իրականացվել են հիմնանորոգման աշխատանքներ, որոնց գումարվում է այս տարվա 20 կիլոմետրը: Մնացած 20 կիլոմետրը նախատեսվում է իրականացնել եկող տարվա ընթացքում, որից հետո Ծովագյուղից մինչեւ Վարդենիս, Սեւանի հյուսիսային եւ արեւելյան ափերով մեկ, մենք ունենալու ենք միջազգային չափորոշիչներին համապատասխան ճանապարհներ: Այս ճանապարհի ռազմավարական նշանակությունն անգնահատելի է, քանի որ այն Հայաստանի հյուսիսային մարզերը ամենակարճ եւ ուղիղ գծով կապում է Արցախի հետ: Ճանապարհի շահագործումը մեծապես կխթանի նաեւ Սեւանի հյուսիսային ու արեւելյան ափերի սահմանամերձ բնակավայրերի զարգացմանը »,-ներկայացրեց մարզպետը:
Ըստ մարզպետի՝ ասուլիսի կազմակերպման վայրը՝ «Նկարիչ» ստեղծագործական հանգստյան տունը, հատուկ նպատակով է ընտրվել, որպեսզի այն գրավի զբոսաշրջության ոլորտում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցողներին: «Նկարիչների միությանը պատկանող հանգստյան այս գոտին մարզի զբոսաշրջության կարևոր այցեքարտերից մեկն է, տասնամյակների հարուստ պատմություն ունեցող կառույցներից մեկը, որն այսօր, սակայն, արդիականացման կարիք ունի: Հուսով եմ, որ այն իր շքեղ տեսքով կգրավի մեր գործարարներին»,-հույս հայտնեց մարզպետը:
Մարզպետի խոսքով Գեղարքունիքի մարզի 57 համայնքներում իրականացվել է գյուղատնտեսական կենդանիների հաշվառում: Պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվել են հակաանասնահամաճարակային կանխարգելիչ և ախտորոշիչ 10 միջոցառումներ, որոնց արդյունքում ծախսվել է 83.2 մլն. դրամ: Պետական օժանդակության 11 ծրագրերից օգտվել են մարզի 1598 շահառուներ։ Պետության կողմից սուբսիդավորված գումարը կազմել է 367.1 մլն. դրամ:«Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակներում մարզի թվով 6 սպառողական կոոպերատիվներ ձեռք են բերել գյուղատնտեսական տեխնիկա և գյուղգործիքներ: 2020 թվականի առաջին կիսամյակում մարզի 4 համայնքներում կառուցվել է 8.15 կմ ջրագիծ՝ 30 մլն. դրամ արժեքով, 6 համայնքների սպառողական կոոպերատիվներին տրամադրվել է 10 միավոր գյուղտեխնիկա` 58.5 մլն. դրամ արժողությամբ: Ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվել է 93 վարկ՝ 72.8 մլն. դրամ արժողությամբ, որի շրջանակներում ձեռք են բերվել տրակտորներ , կոմբայններ և գյուղգործիքներ: Աշխատանքներ են տարվել ջրօգտագործողների հետ՝ ոռոգման ջրի պայմանագրերի կնքման, մարզի համայնքներում ոռոգման աշխատանքները պատշաճ կազմակերպելու ուղղությամբ: Մարզի 81578 հեկտար վարելահողերից ցանվել է 38450 հեկտարը, որը կազմում է ընդհանուր վարելահողերի 47.1 տոկոսը: Մարզի տարածքում պատրաստ են գործելու 4 սպանդանոցներ: «Գյուղատնտեսության ոլորտում ամենացավալի հարցը շարունակում է մնալ վարելահողերի մշակության խնդիրը: Չնայած մեր գործադրած ջանքերին՝ մարզի շատ տնտեսություններ իրենց պատկանող վարելահողերը մշակելու մեջ դեռեւս շահագրգռվածություն չեն ցուցաբերում, իսկ երբ առանձին ներդրողներ փորձում են հողերի մշակության ծրագրեր իրականացնել, հողի սեփականատերերի կողմից հանդիպում են լուրջ արգելքների: Այդ պատճառով կառավարությունը պետք է գտնի համարժեք քայլեր՝ հողագործությանն ու անասանապահությանը անարգել զարկ տալու համար»,-կարեւորեց մարզպետը:
Բնապահպանության ոլորտում «Հայաստան ծառատունկ» ծրագրերի շրջանակներում մարզի մի շարք համայնքներում տնկվել են շուրջ 10831 հատ ծառ ու թուփ: Խոր աշնանը կշարունակվեն ծառատնկման աշխատանքները: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 15-րդ միջոցառմամբ սահմանված աշխատանքների կազմակերպման և իրականացման պետական ծրագրերի շրջանակներում մարզի Կարճաղբյուր, Ագրիճի,Կալավան և Գետիկ գետերի ափամերձ տարածքներում տնկվել են ուռենու ավելի քան 255 000 կտրոններ: 2020 թվականի հոկտեմբերի 10-ին նախատեսվող համապետական ծառատնկման աշխատանքներին մասնակցելու նպատակով մարզպետարանը ներկայացրել է շուրջ 72 000 դեկորատիվ տնկիների ձեռքբերման հայտ: «Շեն» բարեգործական կազմակերպության կողմից Ճամբարակ համայնքում 7 հեկտար տարածքի վրա իրականացվել են շուրջ 6000 հատ դեկորատիվ տնկիների տնկման աշխատանքներ: «Դար» բարեգործական հիմնադրամի կողմից հատկացվել և Սևանի տարածաշրջանի հինգ համայնքներում իրականացվել է շուրջ 12950 հատ սև սալորի ծառատնկում: Տնկիները բերվել են Հունաստանից: Նախատեսվում է աշնանը ևս իրականացնել պտղատու տնկիների ծառատնկում: Այս տարվա ընթացքում Սևանա լճի Վարդենիսի տարածքի ջրածածկման ենթակա հատվածներում մաքրվել է շուրջ 50 հեկտար տարածք: Պետական բյուջեի հաշվին նախատեսվող ներդրումային ծրագրերի մեջ ներառվել են Մարտունի, Վարդենիս, Գավառ քաղաքների կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայաններին կից կենսաբանական մաքրման կայանների կառուցման ծրագրերը: Սևանա լճում Էնդեմիկ և հազվագյուտ ձկնատեսակների վերարտադրության ապահովման նպատակով Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի կողմից իրականացվել են մանրաձկան բաց թողնման աշխատանքներ:Վերջերս հիմնադրամի կողմից Սեւանա լիճ է բաց թողնվել Սեւանի իշխանի Գեղարքունի տեսակի ավելի քան 320 հազար հատ մանրաձուկ՝ 1-3 գրամ քաշով:
Ըստ Գնել Սանոսյանի ձեռքբերումները նկատելի ու հսկայական են նաեւ քաղաքաշինության բնագավառում: Այսպես, ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում ու վերակառուցվում է Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցը, Ասիական զարգացման բանկի միջոցներով ավարտին են մոտենում Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքի կառուցման աշխատանքները:Նույն բանկի միջոցներով նախատեսվում է նոր շենքեր կառուցել Ճամբարակի թիվ 1 և Գեղհովիտի թիվ 2 միջնակարգ դպրոցների համար: Կազմվել են նախագծանախահաշվային փաստաթղթեր։ «Փոքրաքանակ երեխաներով (մինչեւ 100 աշակերտ) համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրով մարզում կառուցվելու է 3 նոր դպրոց՝ Լեռնահովիտ, Շատջրեք եւ Ջիլ բնակավայրերում: Ջիլի և Շատջերքի դպրոցների շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթները կայացել են, իսկ Լեռնահովիտի դպրոցի մրցույթը կկայանա այս տարվա օգոստոսի 6-ին: ՀՀ Կառավարության առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով հատկացված միջոցներով շարունակվելու են Սևան քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները:
Պետական խոշոր ներդրումներ են իրականացվել ճանապարհաշինության ոլորտում: 2020 թվականի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ իրականացվում են 11 ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքներ: Այս ծրագրերով մինչև ընթացիկ տարվա ավարտը կհիմնանորոգվեն շուրջ 59.6 կիլոմետր տարբեր նշանակության ավտոճանապարհներ, որի ներդրումը կազմելու է 6 միլիարդ 988.5 մլն.դրամ: Միջին նորոգումների ժամանակ առաջացած շուրջ 4000 խորհանարդ մետր ֆրեզված հին ասֆալտբետոնյա խառնուրդը տրամադրվել է 9 համայնքների՝ ներհամայնքային փողոցները բարեկարգելու համար: Համաշխարհային բանկի միջոցներով նախատեսվում է հիմնանորոգել Մ11-Ախպրաձոր 14.5 կմ և Սևան-Ցամաքաբերդ 5.3 կմ երկարության ճանապարհները: Մրցույթները կայացել են: «Ընդհանուր առմամբ, այս տարի մարզում իրականացվող կապիտալ շինարարության ծավալը կազմելու է շուրջ 20 միլիարդ դրամ, որից մոտ 10 միլիարդը ներդրվելու է ճանապարհաշինության ոլորտում: Դրա արդյունքում մենք կունենանք 120 կիլոմետր հիմնանորոգված ճանապարհներ, ինչն աննախադեպ է լինելու մարզի պատմության մեջ: Ավելորդ չէ հիշեցնել, որ նման ծավալի ճանապարհաշինություն տարիներ շարունակ Հանրապետության ողջ տարածքով մեկ է տարվա ընթացքում իրականացվել»,-շեշտեց մարզպետը:
Գնել Սանոսյանն անդրադարձավ նաեւ սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, որոնցից մի քանիսն արդեն ավարատված են, մի մասի մեկնարկը տրված է, մյուսները գտնվում են մրցութային փուլում: «2020 թվականի ընթացքում իրականացվելու է մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 114 սուբվենցիոն ծրագիր, որոնց նախնական ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 6 միլիարդ դրամ: Ծրագրերի հիմնական ուղղվածություններն են՝ոռոգման ցանցի կառուցում` 10, մանկապարտեզների կառուցում և հիմնանորոգում` 12, ներհամայնքային փողոցների ասֆալտապատում և մայթերի նորոգում` 32, մշակույթի տների կառուցում և հիմնանորոգում՝ 5, արտաքին լուսավորության ցանցի կառուցում` 17, խմելու ջրատարի հիմնանորոգում և կառուցում` 14, բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում` 3, հանդիսությունների սրահների հիմնանորոգում` 4, պուրակների և խաղահրապարակների կառուցում` 4, վարչական շենքերի կառուցում և հիմնանորոգում` 2, փողոցների ջրահեռացման համակարգի կառուցում՝ 3, ֆոտովոլտային կայանի կառուցում՝ 2, խորքային հորի կառուցում՝ 1, համայնքային կենտրոնի կառուցում՝ 1, գազիֆիկացում՝ 1, կանգառների կառուցում՝ 1, երաժշտական դպրոցի հիմնանորոգում՝ 1, էքսկավատորի ձեռքբերում՝ 1:Այժմ 60 ծրագիր գտնվում է մրցույթների ամփոփման փուլում, որոնց մեկնարկը շուտով տրվելու է: Շինարարական եռուզեռը պետք է սպասել օգոստոս, սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսների ընթացքում»,-հավաստեց մարզպետը:
2020թ հուլիսի 1-ի դրությամբ մարզի 57 համայնքների սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը կազմում է 68 տոկոս կամ պլանավորված 1 մլրդ․ 58 մլն․ 320 հազ․ 800 դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 719 մլն․ 807 հազ․ 400 դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած կատարողականը նվազել է 9 տոկոսով, իսկ 2018 թվականի նույն ժամանակաշրջանի հետ համեմատած կատարողականը աճել է 1,1 տոկոսով։ 2020թվականին համայնքների սեփական եկամուտների տարեկան թիվը ավել է պլանավորվել 137 մլն․ 389 հազ․ 870 դրամով, կամ 6,9 տոկոսով:
ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերին մասնակցել է 27 աշակերտ, որոնցից 5-ը ստացել է դիպլոմ. 1-ը՝ 1-ին կարգի, 1-ը՝ 2-րդ կարգի, 3-ը 3-րդ կարգի/, 4-ը` գովասանագիր, իսկ ՆԶՊ առարկայից հանրապետական փուլը կանցկացվի 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Մարզային ենթակայության 67 պետական ուսումնական հաստատություններում իրականացվում են ճաշարանների հիմնանորգման աշխատանքներ, ինչի արդյունքում արդեն 40 դպրոցներ ունեն ժամանակակից ստանդարտներին համապատասխան ճաշարաններ, իսկ 27-ի վերանորգումը կավարտվի առաջիկայում: Հեռավար ուսուցման կազմակերպման նպատակով տեխնիկական միջոցներ և ինտերնետ կապ չունեցող աշակերտներին ՀՀ ԱԺ կողմից տրվել են 42 համակարգիչներ, ԿԳՄՍ նախարության կողմից՝ 192 համակարգիչներ, պլանշետներ, ինտերնետ քարտեր, net book-եր, հեռախոսներ, պրոցեսորներ: Հանրակրթական ուսումնական հաստատություններում տնօրենների և ուսուցիչների թափուր տեղերի համար անցկացվող մրցույթների հրապարակայնության ապահովման արդյունքում ավելի շատ դիմողներ են եղել: Դպրոցների կառավարման խորհուրդների կազմում կատարվել են 26 փոփոխություններ: Հունվար-փետրվար ամիսներին անցկացվել են մի շարք մարզամշակութային միջոցառումներ:
Համավավարակի պայմաններում մեծ ծանրաբեռբնվածությամբ են գործել մարզի բոլոր բուժհաստատությունները: Այդուհանդերձ, մարզի առողջապահության ոլորտը եւս արձանագրել է նկատելի ձեռքբերումներ: 2020 թվականի հունվարի 29-ից գործում է «Մարտունու ԲԿ»-ի հեմոդիալիզի բաժանմունքը՝ 5 մահճակալ հզորությամբ, որտեղ ըստ գրաֆիկի բուժում են ստանում ցուցված 25 հիվանդներ: Կապիտալ վերանորոգվել է «Մարտունու ԲԿ»-ի վերակենդանացման 5 մահճակալ հզորությամբ բաժանմունքը: Ավարտվել են «Մարտունու ԲԿ»-ում կորոնավիրուսով հիվանդների բուժման համար ստեղծված բաժանմունքի շինարարական աշխատանքները։Այն արդեն գործում է հուլիսի 20-ից, եւ այժմ Այնտեղ բուժում են ստանում 24 պացիենտ, որոնցից 23-ը Գեղարքունիքի մարզի բնակիչներ են: «Գավառի ԲԿ» ՓԲԸ-ն հեմոդիալիզի բաժանմունքի համար ձեռք է բերել նոր հեմոդիալիզի ապարատ և ինտրաօպերացիոն ռենտգեն սարքավորում, որի միջոցով կկատարվի բարդ վիրահատություններ: «Գավառի ԲԿ»-ն ձեռք է բերել նաև վերջին սերնդի հեմոտոլագիական անալիզատոր, որն իրականացնում է արյան ընդհանուր քննություն՝ լեյկոֆորմուլայով։ Այն հնարավորություն կընձեռի՝ իրականացնելու նաև COVID-19 - ով հիվանդների արյան ընդհանուր քննությունը։ Մեկնարկել են «Մարտունու հիվանդանոց ԲԿ»-ի միջազգային չափանիշներին համապատասխան նոր շենքի կառուցման աշխատանքները, որոնք նախատեսված են ավատին հասցնել մինչև 2022թվականը ։ «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ-ն հագեցվել է 23 նոր բազմաֆուկցիոնալ մահճակալներով: Նախատեսված է ձեռք բերել էնդոսկոպիկ հետազոտության սարքավորում և ժամանակակից սոնոգրաֆիայի ապարատ իր տվիչներով: Մասնակի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել Վարդենիկի ԱԿ-ում և Կարմիրգյուղի ԲԱ-ում: Երիտասարդ բժիշկ-մասնագետներով են համալրվել Ճամբարակի ԱԿ-ն և Վարդենիսի ԲԿ-ն: «Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն պետական կառույցներին, միջազգային ու հասարակական կազմակերպություններին, բուժաշխատողներին, պետական ու հանրային ծառայողներին, որոնց ջանքերի շնորհիվ մենք կարողացանք կանխել համավարակի տարածման աշխարհագրությունը, եւ արդեն շուրջ քսան օր է, ինչ կարողանում ենք վարակվածների թիվը պահել կայուն ու վերահսկելի սահմաններում: Սոցիալապես անապահով խմբերին ցուցաբերած օգնությունը եւս արժանի է դրվատանքի, այլապես համավարակի դեմ պայքարը շատ ավելի դժվարին բնույթ կկրեր: Ես համոզված եմ, որ մենք կկարողանանք հաղթահարել ստեղծված իրավիճակը»,-նշեց Գնել Սանոսյանը:
2020 թվականի մարտ-հունիս ամիսներին, համագործակցելով հասարակական, բարեգործական կազմակերպությունների, հիմնադրամների և բարերարների (շուրջ 20 կազմակերպություններ) հետ՝ մարզի 8657 անապահով ընտանիքների տրամադրվել է սննդամթերքի և հիգիենիկ պարագաների փաթեթներ: Բժշկական ցուցումով ինքնամեկուսացված շուրջ 600 անձանց տրամադրվել է սննդամթերքի և հիգիենիկ պարագաների փաթեթներ: Իրականացվել է մշտադիտարկում սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների, դեղատների ապրանքատեսակների իրացման գների վերաբերյալ: 2020 թվականի 1-ին կիսամյակում ընտանեկան նպաստի համակարգից օգտվել է 8625 ընտանիք, հրատապ դրամական օգնություն է ստացել 889 ընտանիք: Մարզում այս տարի սոցիալական նպաստ ստացող ընտանիքիների թիվը կրճատվել է 291-ով: Մարզի 4 զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման համար տվել է դրական եզրակացություն:
Համավարակի դեմ պայքարի միջոցառումներով պայմանավորված՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ մուտք գործող բոլոր անցակետերում ՏԻ և ՀԳՄՀ վարչության, մարզպետարանի մյուս ստորաբաժանումների աշխատակիցների կողմից իրականացվել է հերթապահություն, վարչության աշխատակիցները մասնակցել են համայնքների մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանափակումներին: ՀՀ Պարետի ցուցումի համաձայն՝ ՏԻ և ՀԳՄՀ վարչության աշխատակիցների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների կողմից համայնքներում, մահացածի հարազատների շրջանում, հոգեհանգստի և հուղարկավորության սահմանված կանոնների վերաբերյալ կատարվել են իրազեկման և բացատրական աշխատանքներ՝ կանխելու բազմամարդ արարողությունները։
Մարզի Շողակաթ, Լճաշեն, Վարսեր, Մեծ Մասրիկ և Ծովինար համայնքներում սահմանված կարգով փոխվել են 110.4 հա հողատարածքների նպատակային նշանակություններ՝ արևային ֆոտովոլտային կայաններ կառուցելու համար: Տրվել են դրական եզրակացություններ՝ պետական սեփականություն հանդիսացող 436 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողամասերը վարձակալության տրամադրելու համար:
Հայտնաբերվել և հաշվառվել է առանց ծնողական խնամքի մնացած 5 երեխա: «Նորք» տեղեկատվական վերլուծական «Մանուկ» կենտրոնի համակարգում մարզից կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների ընդհանուր թիվը կազմում է 413 երեխա:
Գավառի մանկատնից կենսաբանական ընտանիք է վերադարձել 5 երեխա, իսկ ներկայումս մանկատանը խնամվում է 51 երեխա: Անցկացվել է մարզային զորակոչային հանձնաժողովի 4 նիստ, կազմակերպվել են պարտադիր ժամկետային զորակոչերի նախապատրաստման և անցկացման աշխատանքներ: Մարզին տրված 2020թվականի առաջին զորակոչի առաջադրանքը կատարվել է: Մարզպետարանի կողմից նյութական աջակցություն է տրվել Գեղարքունիքի մարզի սահմանագծի հենակետերին՝ օպերատիվ սարքավորմանն ու կահավորմանն ուղղված աշխատանքներ կատարելու համար: Մարզպետի կողմից ֆինանսական օգնություն է տրամադրվել հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում անհետ կորած զինծառայողների 20 ընտանիքներին:
Գեղարքունիքի մարզպետին հասցեագրված բողոքների հիման վրա չհայտարարված այցեր են իրականացվել մարզային ենթակայության ուսումնական հաստատություններ և համայնքներ:Ուսումնասիրություններ են կատարվել սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում, եւ ի հայտ եկած առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հանգամանքները ստուգելու նպատակով գրություններ են ուղարկվել ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազություն:
2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ավելացել է այն ԶԼՄ-ների և սոցիալական կայքերի թիվը, որոնք իրենց էջերում հղում են տվել Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքին կամ ֆեյսբուքյան էջին:
Մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջին քաղաքացիների կողմից ուղղված հարցերը տրամադրվել են մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներին և նրանց կամ նույն էջի միջոցով քաղաքացին ստացել է իր հարցման պատասխանը: Հրապարակվել են հաշվետու ժամանակահատվածում մարզպետի կայացրած որոշումները, ավագանու նիստերի ընթացքում ընդունած որոշումները, տարաբնույթ հայտարարություններ:Մարզպետարանի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում հրապարակվել են տեղեկատվական բնույթի ավելի քան 350 նյութեր, որոնցից 113-ը վերաբերում են միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատված և Գեղարքունիքի մարզի համայնքներում 2020 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերին : Հեռուստաընկերությունների հետ ունեցած համագործակցության արդյունքում հրապարակվել են մարզի կենսագործունեությանն առնչվող 20 տեսանյութեր, լույս է տեսել «Գեղամա աշխարհ» թերթի 18 համար: Գեղարքունիքի մարզի և մարզպետարանի կենսագործունեությանն առնչվող ավելին քան 300 տեղեկատվական նյութեր է հրապարակվել «Արմենպրես» լրատվական գործակալության միջոցով:
2020թ հունիս ամսվա դրությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում առկա է 17 թափուր հաստիք: Կնքվել է 18 աշխատանքային և ժամկետային աշխատանքային պայմանագիր՝ Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ և ՊՓԲԸ հետ: Հայտարարվել է 23 մրցույթ՝ Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող առողջապահական և մշակութային գործունեություն իրականացնող ՊՈԱԿ-ներում ընտրության կամ նշանակման համար:
Առաջին կիսամյակի ընթացքում Գեղարքունիքի մարզպետարանում քաղաքացիներից ստացված առաջարկությունների, դիմումների և բողոքների թիվը կազմել է 1271, որից 348-ը վերահասցեագրվել է ՀՀ Վարչապետի աշխատակազմից: 1271 դիմումներից՝ 822-ը եղել են դրամական օգնության խնդրանքով, որից բավարարվել է 620-ը,21-ը գտնվում են ընթացքի մեջ, 69-ը՝ առողջապահության և սոցիալական բնույթի են, որից բավարարվել են 41-ը, 3-ը գտնվում են ընթացքի մեջ,37-ը՝ բնակարանի և բնակարանի վերանորոգման խնդրով են, որից բավարարվել է 11-ը, 2-ը գտնվում են ընթացքի մեջ, 67-ը վեերաբերում են աշխատանքի տեղավորման խնդրին, որոնցից բավարարվել է 21-ը, 1-ը գտնվում է ընթացքի մեջ 276-ը այլ բնույթի են, որոնցից բավարարվել է 41-ը, 5-ը գտնվում են ընթացքի մեջ: Գեղարքունիքի մարզպետի, մարզպետի տեղակալի, մարզպետարանի գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի և ստորաբաժանումների ղեկավարների կողմից կատարվել Է 240 քաղաքացիների ընդունելություն, որից 65-ը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի կողմից: Թեժ գծով գրանցվել է 35 հեռախոսազանգ: Գեղարքունիքի մարզպետարան է մուտքագրվել թվով 9486 մտից ու ներքին փաստաթուղթ և ելից է արվել 4493 գրություն: ՀՀ Գեղարքունիքի մարզպետը ընդունել է 261 անհատական որոշում և 3 կարգադրություն: Արձանագրվել ու ՀՀ Գեղարքունիքի մարզպետի ստորագրման է ներկայացվել ՀՀ Գեղարքունիքի մարզի խորհրդի 1 նիստի արձանագրությունը և ՀՀ Գեղարքունիքի մարզպետի մոտ կայացած 10 խորհրդակցությունների արձանագրությունները:
«Ինչպես տեսնում եք, չնայած համավարակով պայմանավորված իրավիճակին, մարզպետարանում ոչ մի կարգի աշխատանք ոչ մի ուղղությունում կանգ չի առել: Այլապես մենք նման ձեռքբերումներ չէինք արձանագրի այսօր:Դրվատելի աշխատանք են իրականացրել մարզպետարանի ստորաբաժանումները, համագործակցված աշխատանք է կատարվել թե համայնքապետարանների, թե հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների հետ: Հուսով եմ, որ մինչեւ տարեվերջ մենք կհասցնենք իրականացնել բոլոր այն ծրագրերը եւ անելիքները, որոնք ծրագրել ու նախատեսել ենք ամենատարբեր ուղղություններում: Շնորհակալ ենք նաեւ տեղական ու հանրապետական ԶԼՄ-ների հետ հաստատված համագործակցությունից:Հուսով ենք նաեւ, որ համավարակի նահանջից հետո մեզ համար կբացվեն սպասվելիք ներդրումների ճանապարհները, եւ մարզի զարգացման գերակա երեք ուղղություններում, որոնք են՝ գյուղատնտեսությունը, տուրիզմը եւ այլընտրանքային էներգիայի արտադրությունը, մենք կունենանք նոր ու նկատելի հաջողություններ»,-եզրափակեց Գնել Սանոսյանը: Ապա մարզպետը պատասխանեց լրագրողների բազմաբնույթ հարցերին, որոնք վերաբերում էին օտարերկրյա ներդրումներին, Սեւանա լճի հիմնախնդիրներին, մարզի զարգացման գերակա ուղղություններին, համավարակի դեմ պայքարի միջոցառումներին, Սեւանա լճում արդյունագործական ձկնորսության սահմանման նոր կարգին, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագրի ընթացքին, կոռուպցիոն երեւույթների դեմ ձեռնարկվող միջոցառումներին, Սեւան- Քաղսի կոյուղու կոլեկտորի շինարարության ժամկետներին, նոր աշխատատեղերի ստեղծմանը: Պատասխանելով բոլոր հարցերին՝ մարզպետն առավելապես կարեւորեց Սեւանա լճի հետ կապված հիմնախնդիրների լուծման առաջնահերթությունը: «Ես գտնում եմ, որ մեզանում բանակի խնդիրները կարգավորելուց հետո իր կարեւորությամբ երկրորդ ուղղությունը պետք է համարվի Սեւանա լիճը՝ իր բազմապիսի հիմնախնդիրներով հանդերձ: Եվ մենք պետք է քայլ առ քայլ դրանց լուծում տանք, որպեսզի կարողանանք սերունդներին փոխանցել անաղարտ, խմելու ջրի հսկայական պաշար հանդիսացող ազգային այս անգնահատելի հարստությունը»,-եզրափակեց Գեղարքունիքի մարզպետը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 15:02:48