Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը Ձորագյուղում եւ Ծակքարում դիտարկեց ոռոգման համակարգերի շինարարության ընթացքը

22.07.2020

Հուլիսի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը աշխատանքային այց կատարեց Ձորագյուղ եւ Ծակքար համայնքներ՝ ոռոգման ջրատարների կառուցման աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու համար: Ինչպես ներկայացրեց Ձորագյուղ համայնքի ղեկավար Լեւիկ Գրիգորյանը, ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է շուրջ 17 միլիոն դրամ, որի 70 տոկոսը կամ 11 միլիոն 900 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 5 միլիոն 100 հազար դրամը՝ Ձորագյուղի համայնքապետարանը:Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա հունիսի սկզբներից եւ ավարտվել հուլիսի 10-ի դրությամբ: «Ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել է համայնքի «Բախչի առու» կոչվող ոռոգման ջրատարը երկաթյա կիսախողովակներով: Այն ձգվում է մոտ 1500 մետր երկարությամբ, որի մոտ 800 մետրանոց հատվածը նորոգվել է մի քանի տարի առաջ, «Մարտունի» ջրօգտագործողների ընկերության միջոցներով, երկաթբետոնյա կիսախողավակներով: Այս ծրագրով ավարտական տեսքի է բերվել ոռոգման ջրատարի հիմնանորոգումը: Նախկինում այն հողաշեն էր, որի պատճառով ջուրը տեղ էր հասնում մեծ կորուստներով եւ ուշացումներով: Ոռոգման մեկնարկից արդեն հիմնանորոգված ջրատարը ծառայում է 70 տնտեսության կարիքներին»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:
Ոռոգման ջրատարի կառուցման հաջորդ հասցեն Ծակքար համայնքի « Մատուռներ » թաղամասում էր, որտեղ այժմ ընթանում են շինարարական ակտիվ աշխատանքներ: Ինչպես ներկայացրեց Ծակքար համայնքի ղեկավար Գվիդոն Ավետիսյանը, 1200 մետր երկարության ջրատարը կառուցվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 18 միլիոն 924 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 13 միլիոն 246 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 5 միլիոն 677 հազար դրամը՝ Ծակքարի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա հունիսից եւ կավարտվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում: «Այս ծրագիրը պետք է իրականացվեր 2019 թվականի ընթացքում, սակայն այն ընդհատվեց անորակ շինարարության պատճառով: Այս տարի պայմանագիր կնքվել է մեկ այլ շինարարի հետ, եւ աշխատանքներն ընթանում են սահմանված չափորոշիչներին ու ժամանակացույցին համապատասխան: Երկաթյա կիսախողովակներով կառուցվող ջրատարը անխափան սպասարկելու է շուրջ 70 տնտեսության կարիքները:Այս թաղամասում ընդհանրապես ոռոգումը կազմակերպվել է մեծ դժվարություններով: Շուտով այստեղ մենք կունենանք միանգամայն բարելավված ջրամատակարարում»,-ներկայացրեց Ծակքար համայնքի ղեկավարը:
Իրականացված ծրագրերի մասին իր տպավորություններն արտահայտեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: « Այս պահի դրությամբ սուբվենցոն շուրջ 60 ծրագիր գտնվում են մրցութային փուլում, ու այնպիսի տպավորություն է, թե դրանք հիմնականում վերաբերում են ճանապարհների ասֆալտապատման գործընթացներին: Մինչդեռ մենք աչքաթող չենք անում նաեւ մյուս ենթակառուցվածքները, հատկապես՝ խմելու եւ ոռոգման ջրի մատակարարման խնդիրները: Թե Ձորագյուղում, թե Ծակքարում տարիներ շարունակ տնտեսությունները մեծ դժվարություններով են ոռոգել իրենց տնամերձերը՝ ցանցերում առկա ահռելի կորուստների պատճառով: Հիմա մի կողմից ոռոգման խնդիրն է հեշտանում, մյուս կողմից ավելանալու են մշակվող հողատարածքները: Երկու դեպքում էլ նկատելի է որակյալ աշխատանքը: Ինչ վերաբերում է մարզի սուբվենցիոն մյուս ծրագրերի ընթացքին, ապա պետք է ասեմ, որ շինարարական հիմնական եռուզեռը սկսվելու է օգոստոս, սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին: Բոլոր ծրագրերը գտնվելու են մեր դիտակետում եւ իրականացվելու են սահմանված ժամկետներում»,-ներկայացրեց մարզպետ Գնել Սանոսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11