Նորություններ
Կբարեկարգվի Գանձակ համայնքի կենտրոնական հրապարակը
16.07.2020

Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կբարեկարգվի կենտրոնական հրապարակը: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 15 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Գանձակի համայնքապետարանը: Գանձակ համայնքի ղեկավար Արմեն Պողոսյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթը կայացել է, ամփոփվել են արդյունքները, որից հետո շինարարարության իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 14 միլիոն 500 հազար դրամ:Ըստ այդմ՝ ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարությունը հատկացնում է 6 միլիոն 525 հազար դրամ, Գանձակի համայնքապետարանը՝ 7 միլիոն 975 հազար դրամ: «Շինարարական աշխատանքները կմեկնարկեն մի քանի օրից:Հրապարակում անցկացվելու է լուսավորության համակարգ, կառուցապատվելու է հրապարակին կից գետի հունը, տեղադրվելու են նստարաններ, սալիկապատվելու են անցուղիները, կանաչապտվելու եւ ծառապատվելու է տարածքը: Շատ շուտով մեր համայնքը կունենա միանգամայն բարեկարգ ու բարետես հրապարակ»,-նշեց համայնքի ղեկավարը: