Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզը վերջին հրաժեշտն է տալիս իր հերոս զավակներին

16.07.2020

Գեղարքունիքի մարզը վերջին հրաժեշտն է տալիս իր հերոս զավակներին
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ եւ Լուսակունք համայնքներում մարդիկ ցավով ու հպարտությամբ վերջին հրաժեշտն են տալիս հայ-ադրբեջանական սահմանին ծավալված ռազմական գործողությունների ընթացքում հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայողներ, մայոր Գարուշ Համբարձումյանին եւ կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանին: Լուսակունք համայնքի ղեկավար Խաչիկ Խաչատրյանի տեղեկացմամբ, հուլիսի 16-ի երեկոյան Գարուշ Համբարձումյանին վերջին հրաժեշտն են տվել Լուսակունքի մշակույթի տանը: Հերոսի աճյունի առջեւ խոնարհվել են տարածաշրջանի բազմաթիվ բնակիչներ, հարազատներ ու ընկերներ, զինվորականներ, պետական պաշտոնյաներ: Հրաժեշտի արարողությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամկազմը, ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ: Կատարվել է օրհնության կարգ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանի գլխավորությամբ: Հերոսի ծնողներին է հանձնվել ՀՀ նախագահի կողմից Գարուշ Համբարձումյանին շնորհված « Արիություն» մեդալը: Ուշ երեկոյան Գարուշի աճյունը տեղափոխվել է հայրական տուն, իսկ հուլիսի 16-ի առավոտյան թաղման թափորը Լուսակունքից ուղղություն է վերցրել դեպի Երեւան՝ Եռաբլուր պանթեոն: «Գարուշը շատ խելացի, խոհեմ տղա էր, հայրենասեր, գրագետ: Ավարտեց Լուսակունքի միջնակարգ դպրոցը, այնուհետ՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: Մասնագիտությամբ սակրավոր էր, ծառայության մեջ քանիցս աչքի է ընկել անձնազոհությամբ ու սխրանքներով: Տարիներ առաջ նա ծանր վիրավորվել էր ականի պայթյունից , բուժման երկար կուրս անցավ, սակայն ապաքինումից հետո որոշեց կրկին բանակ վերադառնալ եւ իր գիտելիքները ծառայեցնել հայրենի հողի պաշտպանության Սուրբ գործին: Նրա սխանքը կապրի դարերում ու կապրեցնի հայ ժողովրդին: Նրա ծնողները՝ Վեմիրը եւ Նարգիզը, չարքաշ կյանքով ապրող մարդիկ են, ովքեր ծնել ու մեծացրել են երեք երեխա՝ երկու տղա եւ մեկ աղջիկ, որոնցից երկուսը դարձան հայոց բանակի զինծառայողներ: Գարուշի եղբայր Էդգարն արդեն ինը տարի է, ինչ գտնվում է պայմանագրային զինծառայության մեջ՝ իր մասնակցությունը բերելով հայրենի երկրի սահմանների պաշտպանությանը: Այս ընտանիքի պատմությունը փառքի պատմություն է, որի առջեւ այժմ խանարհվում ենք ազգովի»,-ներկայացրեց Խաչիկ Խաչատրյանը:
Ճամբարակ քաղաքում եւս հայրենակիցներն ու հարազատները վերջին հրաժեշտն են տալիս հերոս, Հայոց բանակի կրտսեր սերժանտ, սակրավոր Սմբատ Գաբրիելյանին: Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանի տեղեկացմամբ, հերոսի աճյունը Ճամբարակ քաղաք են տեղափոխում մայրաքաղաքից: Այն կամփոփվի Ճամբարակի քաղաքային գերեզմանոցում: « Սմբատն իր մարտական ընկերոջ կողքին զոհվել է թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածից: Կորուստն անչափելի ծանր է թե՛ ընտանիքի, թե՛ համայնքի ու մեր հայրենիքի համար: Մի քանի ամիս էր մնացել, որ նա տուն վերադառնար՝ ավարտելով ժամկետային զինծառայությունը: Սմբատի հայրը՝ Գեւորգ Գաբրիելյանը, Ճամբարակի զորամասի թիկունքային աշխատող է, մայրը՝ Կարինե Գաբրիելյանը, երկարամյա մանկավարժ: Նրա երկու ավագ եղբայրներից մեկը՝ Մխիթար Գաբրիելյանը, կոչումով սպա է եւ ծառայում է ՀՀ Զու բանակային երկրորդ կորպուսում: Մի շատ դրամատիկ, ողբերգական պատմություն եւս կա՝ կապված այս ընտանիքի հետ: Ի դեպ, Գեւորգ Գաբրիելյանն իր ընտանիքով ճամբարակ քաղաքում հաստատվել է Արծվաշեն գյուղից: Նրանց տունը գտնվում է Ճամբարակի զորամասին մոտիկ: Սմբատն իրենից ավագ եղբայր է ունեցել, ով 12 տարեկան հասակում դարձել է դժբախտ պատահարի զոհ: Զորամասի հրամանատարի ատրճանակից արձակված պատահական կրակոցից զոհվել է զորամասի տարածքում խաղացող Սմբատը: Ծնողները, ի հիշատակ իրենց կորուսյալ զավակի, նորածին տղային եւս Սմբատ են անվանակոչել, ով եւ իր անունը փառքով պսակեց ու հերոսաբար ընկավ թշնամու դեմ մղած հայրենապաշտպան մարտում: Սգում, խոնարհվում ու հպարտանում է ողջ Ճամբարակը, ողջ մարզը, Հայաստանը, Արցախը, համայն հայությունը: Այս հերոսների սխրանքի շուրջ ավելի է համախմբվում ազգը, ուժ ու ոգի առնում: Սմբատը հետմահու պարգեւատրվել է « Մարտական ծառայություն» մեդալով, որը նրա ընտանիքին է հանձնվել ՀՀ ՊՆ պաշտոնյաների կողմից: Սմբատի աճյունը հայրական տանը մնալու է մեկ ժամ, որից հետո տեղափոխվելու է քաղաքի սգո արարողությունների սրահ: Հուղարկավորությունը տեղի կունենա վաղը, հուլիսի 17-ին»,-ներկայացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11