Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում նորովի կկահավորվեն երկաթգծի որոշ հատվածներ

15.07.2020


Հուլիսի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին և նույն ընկերության Սևանի ԳԿՄ-ի պետ Արտեմ Սարգսյանին:
Հանդիպման ընթացքում կողմերը զրուցեցին համագործակցության շուրջ իրականացվող անելիքների մասին, քննարկեցին աշխատանքների կազմակերպման հարցում առկա որոշ խնդիրներ, որոնք մասնավորապես առնչվում էին Սևանի « Հարսնաքար» ռեստորանային համալիրից դեպի Ցամաքաբերդ թաղամաս տանող երկաթգծի հատման հատվածում ուղեփակոց տեղադրելուն և շրջակայքը կահավորելուն, ինչպես նաև գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ժամանակահատվածում և անասունների շարժի ընթացքում մի քանի հատվածներում երկաթգիծը հատող եւ անասունների շարժը կարգավորող ճանապարհներ կառուցելուն:
Ալեքսեյ Մելնիկովը կարևորեց մարզով անցնող երկաթգծի դերը սոցիալ- տնտեսական զարգացման գործում , նշելով, որ դրա շնորհիվ իրականացվում են հսկայածավալ աշխատանքներ: Նրա կարծիքով՝ հարկավոր է երկաթգծին հարող հատվածներում ամեն ինչ կարգի բերել և տեղադրել համապատասխան նշաններ, որի դեպքում միայն հնարավոր կլինի ապահովել գնացքների անխափան երթևեկությունը և զերծ մնալ վթարային իրավիճակների առաջացումից:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ողջունեց «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենին՝ իր հերթին կարևորելով առաջ քաշված խնդիրների լուծումը: «Երկաթգծի նորովի կահավորման խնդիրը շատ մեծ նշանակություն կունենա և մարզի տնտեսությունների և բուն երկաթգծի անխափան գործունեության ապահովման համար, և ես շատ ուրախ եմ, որ երկուստեք տրամադրված ենք՝ այդ տարածքներում ապահովել առավել անվտանգ իրավիճակ: Գեղարքունիքի մարզպետարանը, իր լիազորությունների շրջանակներում, պատրաստակամ է համագործակցել ձեզ հետ և աջակցել ՝ երկաթուղու անօրինական գծանցները օրինականացնելու աշխատանքների իրականացման ընթացքում»,- նշեց Գնել Սանոսյանը:
Հանդիպման ավարտին Ալեքսեյ Մելնիկովը նշեց նաև, որ նախատեսված է այս տարվա ընթացքում իրականացնել ուղեփակոցի տեղադրման նախագծային աշխատանքները, իսկ հաջորդ տարի շինարարությունն ամբողջությամբ կավարտվի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03