Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շողակաթում կիրականացվի սուբվենցիոն եւս 3 ծրագիր

14.07.2020


Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում լուսավորության ցանց կկառուցվի Շողակաթ, Աղբերք, Արտանիշ, Ջիլ, Դրախտիկ, Ծափաթաղ բնակավայրերում, , կգործարկվի 85 կիլովատտ ժամ հզորության արեւային ֆոտովոլտային կայան՝ համայնքի վարչական կառույցների էներգետիկ կարիքները բավարարելու համար, կհիմնանորոգվի Աղբերք բնակավայրի վարչական շենքը եւ կբարեկարգվի շենքի տարածքը: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Շողակաթի բնակավայրերի լուսավորության ցանցի կառուցման նախնական ընդհանուր արժեքը կազմում է 18 միլիոն դրամ, որի 65 տոկոսը կամ 11 միլիոն 700 հազարը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 6 միլիոն 300 հազարը՝ Շողակաթի համայնքապետարանը: Շողակաթի արեւային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 27 միլիոն դրամ, որի 65 տոկոսը կամ 17 միլիոն 550 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 9 միլիոն 450 հազար դրամը՝ Շողակաթի համայնքապետարանը: Աղբերքի վարչական շենքի հիմնանորոգման եւ հարակից տարածքի բարեկարգման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 17 միլիոն դրամ, որի 45 տոկոսը կամ 7 միլիոն 650 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 9 միլիոն 350 հազար դրամը՝ Շողակաթի համայնքապետարանը: Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանի հավաստմամբ՝ երեք ծրագրերի շինարարական մրցույթներն արդեն հայտարարված են: «Արեւային ֆոտովոլտային կայանի գործարկման արդյունքում մենք 70 տոկոսի չափով փակում ենք համայնքի բնակավայրերի լուսավորության ցանցի, համայնքապետարանի եւ բնակավայրերի վարչական շենքերի, այլ ենթակառուցվածքների էներգամատակարարման խնդիրները: Լուսավորության ցանցը կառուցվելու է Ծափաթաղի թիվ 1, Ջիլի թիվ 6 եւ 8, Շորժայի թիվ 5 եւ 10, Դրախտիկի թիվ 10, Աղբերքի թիվ 1 եւ 2, Արտանիշի թիվ 6 փողոցներում: Ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 5 կիլոմետր: Ծրագրի ավարտից հետո մեր համայնքի բնակավայրերը լուսավորված կլինեն շուրջ 70 տոկոսի չափով: Հաջորդ տարի այդ թիվը կհասցնենք 100 տոկոսի: Աղբերքի վարչական շենքը կհիմնանորոգվի ամբողջությամբ, իսկ հարակից տարածքում, որտեղ տեղադրված է հայ ազգային ազատագրական պայքարի հերոս Գեւորգ Չաուշի արձանը, կկատարվեն բարեկարգման աշխատանքներ, կհիմնվի պուրակ»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:41:44