Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Աղբերք բնակավայրի ջրատարի շինարարական տեղամաս

13.07.2020

Հուլիսի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց Շողակաթ համայնքի Աղբերք բնակավայրում իրականացվող ջրատարի արտաքին ցանցի կառուցման շինարարական տեղամաս: Ինչպես տեղում ներկայացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, Աղբերքի ջրատարի արտաքին ցանցը կառուցվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Այն ներառված է Շողակաթ համայնքի Դրախտիկ եւ Ջիլ բնակավայրերի ջրամատակարման համակարգերի կառուցման մեկ ընդհանուր փաթեթում: Ծրագրով երեք բնակավայրերում նախատեսվում է կառուցել խմելու ջրատարի արտաքին ու ներքին ցանցեր՝ 5500 գծամետր երկարությամբ: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է մոտ 40 միլիոն 983 հազար դրամ: Շինարակական աշխատանքների մեկնարկը տրվել է 2020 թվականի հունիսի 22-ին, Աղբերքից: Կառուցվող խմելու ջրատարի արտաքին ցանցն ունի 3200 գծամետր երկարություն եւ շուրջ 8 լիտր վայրկյան հզորություն: Ջիլում կառուցվող խմելու ջրատարի արտաքին ցանցն ունի 500 մետր երկարություն եւ շուրջ 10 լիտր վայրկյան հզորություն: Դրախտիկում խմելու ջրատարի ներքին ցանցը կառուցվելու է 1800 գծամետր երկարությամբ, երեք թաղամասերում: Այն սպասարկելու է շուրջ 60 տնտեսության: «Այս ծրագրի իրականացման արդյունքում երեք բնակավայրերում էլ հիմնովին կարգավորվում է ջրամատակարարման խնդիրը, որն առկա է եղել տասնամյակների ընթացքում: Այսօրվա դրությամբ Աղբերքում արդեն իրականացվել է շինարարական աշխատանքների մոտ 80 տոկոսը: Աղբերքում խմելու ջրի մատակարարման համակարգ չկա, մարդիկ ջուրը բերում էին մոտակա բնակավայրերից կամ աղբյուրներից: Նախորդ տարում այստեղ սուբվենցիոն ծրագրով կառուցվեց խմելու ջրատարի ներքին ցանց, իսկ այս ծրագրով հիմնովին լուծում է տրվում խմելու ջրի մատակարարման խնդրին: Աղբերքում շինարարությունն ավարտելուց հետո շինարարական աշխատանքներն իրականացնող «Շահարտ» կազմակերպությունը աշխատանքները կշարունակի Ջիլում, այնուհետ՝ Դրախտիկում: Շինարարությունը կավարտվի առաջիկա երեք ամիսների ընթացքում: Առհասարակ, վերջին երկու տարիների ընթացքում Աղբերքում սուբվենցիոն կամ պետական այլ ծրագրերով նկատելի շինարարական աշխատանքներ են իրականացվել ամենատարբեր ոլորտներում: ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» շրջանակներում Աղբերքի գյուղատնտեսական կոոպերատիվը ստացել է նորագույն գյուղտեխնիկա, ջրարբիացվել են արոտները հարյուրավոր հեկտարների վրա, նախատեսվում է կառուցել հովվի տնակ եւ մակաղատեղի: Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է լուսավորության ցանց, հանդիսությունների սրահ: Մարզպետարանի աջակցությամբ հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվել դպրոցում: Քայլ առ քայլ լուծում ենք տալիս համայնքում կուտակված բազմապիսի հիմնախնդիրներին»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:
Բարդ տեղանքում ծանոթանալով աշխատանքների ընթացքին՝ մարզպետ Գնել Սանոսյանը քաջալերեց շինարարներին՝ որակյալ եւ արագացված տեմպերով շինարարություն իրականացնելու համար: Մարզպետն անդրադարձավ նաեւ Աղբերքում իրականացված ծրագրերին եւ մյուս հիմնախնդիրների հետ կապված հետագա քայլերին:
«Աղբերքում նախորդ տարվա մեր այցի ընթացքում բնակիչները բարձրացրեցին երեք առանցքային հարց, որոնցից առաջինը վերաբերում էր խմելու ջրի մատակարարմանը, երկրորդը՝ դպրոցի շենքի անբարեկարգ վիճակին եւ երրորդը՝ գյուղ մտնող ճանապարհի հիմնանորոգմանը: Այսօրվա դրությամբ բարձրացված խնդիրներից երկուսը լուծված են, մնում է գյուղ մտնող ճանապարհի խնդիրը: Բնական է, որ այս տարի ճանապարհը չենք հասցնի հիմնանորոգել, քանի որ այս պահին ընթանում է Շողակաթ-Վարդենիս միջպետական ճանապարհի հիմնանորոգման խոշոր ծրագիրը, որտեղ պետության կողմից ներդրվել է 1 միլիարդ 800 միլիոն դրամ: Այդ ճանապարհը կենսական նշանակություն ունի նաեւ Շողակաթ համայնքի բոլոր բնակավայրերի, այդ թվում՝ Աղբերքի բնակիչների համար: Այս տարի Աղբերք մտնող ճանապարհը գրունտային հարթեցման կենթարկվի Շողակաթ համայնքին պետության կողմից տրամադրված տեխնիկաների միջոցով, իսկ եկող տարվա կամ մոտակա ժամանակների ընթացքում կփորձենք միջոցներ գտնել ճանապարհի հիմնանորոգման համար»,-նշեց մարզպետը:
Գնել Սանոսյանը դիտարկեց նաեւ Սեւան-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհի 20 կիլոմետրանոց հատվածում ընթացող շինարարական աշխատանքները: Ծրագրով նախատեսված է հիմքի եւ երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի, 5 կամրջի եւ 7 կամրջային անցումների կառուցում, 15 հազար 225 մետր երկարության մետաղական արգելապատնեշի տեղադրում, կահավորում, գծանշում: Միայն ասֆալտի երկրորդ շերտի տեղադրումը կընդգրկի 144 հազար քառակուսի մետր մակերես, որին կգումարվի եւս 4500 քառակուսի մետրը՝ մուտքերում եւ ուղիներում: Ինչպես ներկայացրեցին շինարարության պատասխանատուները՝ շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա հունիսի կեսերից: Արդեն տեղադրվել է ասֆալտի ներքին շերտը 7 կիլոմետր երկարությամբ, ամրացվել են կամուրջները: Աշխատանքները հուլիսի 13-ի դրությամբ իրականացվել են մոտ 20 տոկոսով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:41:44