Նորություններ
Աստղաձորի Զորավար Անդրանիկ Փողոցում կկառուցվի լուսավորության ցանց
13.07.2020

Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում լուսավորության ցանց կկառուցվի Զորավար Անդրանիկ փողոցում: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Աստղաձորի Զորավար Անդրանիկ փողոցի լուսավորության ցանցի կառուցման նախնական ընդհանուր արժեքը կազմում է 15 միլիոն դրամ, որի 65 տոկոսը կամ 9 միլիոն 750 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 5 միլիոն 250 հազար դրամը՝ Աստղաձորի համայնքապետարանը: Աստղաձոր համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթը կայացել է, հաղթող կազմակերպությունն այն շահել է 8,8 միլիոն դրամով, առաջիկա օրերին հայտնի կլինի նաեւ ծրագրի պայմանագրային արժեքը, որից հետո կմեկնարկեն շինարարական աշխատանքները: «Զորավար Անդրանիկ փողոցը կլուսավորվի 1500 մետր երկրությամբ: Կտեղադրվի 75 լուսատու՝ նրան կից երկրորդական փողոցների մուտքերի հետ միասին: Փողոցն իր գոյության ընթացքում լուսավորվում է առաջին անգամ: Նույն փողոցում սուբվենցիոն մեկ այլ ծրագրով կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ 800 գծամետր երկարությամբ, որի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 100 միլիոն դրամ:Ասֆալտապատման ծրագրի շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը: