Նորություններ
Սարուխանում մեկնարկում է ոռոգման ցանցի կապիտալ նորոգման առաջին փուլը
13.07.2020

Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակնեում մեկնարկում է ոռոգման ներքին ցանցի կապիտալ նորոգման առաջին փուլը: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Սարուխանի ոռոգման ներքին ցանցի կապիտալ նորոգման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 66 միլիոն դրամ: Ծրագիրն իրականացվելու է երկու փուլով, որից առաջինը՝ այս տարվա ընթացքում: Առաջին փուլի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 17 միլիոն դրամ, որի 70 տոկոսը կամ 11 միլիոն 900 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 5 միլիոն 100 հազար դրամը՝ Սարուխանի համայնքապետարանը: Սարուխան համայնքի ղեկավար Լյովա Աբրահամյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է: «Ծրագրով նախպատեսվում է ոռոգման ներքին ցանցի կապիտալ նորոգում Հենրիկ Աբրահամյան եւ Մանվել Խոստեղյան փողոցներում:Ցանցի ընդհանուր երկարությունը կազմում է 1800 մետր, որից 500 մետրը կհիմնանորոգվի այս տարվա ընթացքում: Այն միաժամանակ ծառայելու է որպես հեղեղատար ու ջրահեռացման համակարգ՝ ճանապարհները քայքայումից պաշտպանելու համար: Ցանցը նորոգվելու է երկաթյա կիսախողովակներով, ինչի արդյունքում նվազագույնի կհասցվեն ոռոգման ջրի կորուստները: Ծրագրի երկրորդ փուլը կավարտենք եկող տարվա ընթացքում: Ծրագրից կօգտվի համայնքի շուրջ 300 տնտեսություն»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը: