Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը դիտարկեց միասնական քննությունների ընթացքը

02.07.2020

Հուլիսի 2-ին Գեղարքունիքի մարզում մեկնարկեցին միասնական քննությունները՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և ռուսաց լեզու առարկաներից: Քննությունների ընթացքը դիտարկելու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց Գավառի համար 3 միջնակարգ  դպրոց։ Մինչև քննությունների մեկնարկը դիմորդների շրջանում իրականացվել էին ջերմաչափումներ, տարածքի ախտահանումներ և արտակարգ դրությամբ պայմանավորված այլ միջոցառումներ: Մարզպետը քննական կենտրոնի ղեկավար Սասուն Մկրտումյանի ուղեկցությամբ քննասենյակներում դիտարկեց քննությունների ընթացքը: Քննական կենտրոնի ղեկավարի տեղեկացմամբ՝ 94 դիմորդ քննություն է հանձնում անգլերեն, 4 դիմորդ՝ գերմաներեն և 7 դիմորդ՝ ռուսաց լեզու առարկաներից: «Ոչ մի խոչընդոտ չի առաջացել, դիմորդները սահմանված կարգով մուտք են գործել քննասենյակներ, և քննությունը սկսվել է: Քննական ընթացքին հետևում են գնահատման և թեստավորման կենտրոնի լիազոր ներկայացուցիչները և կազմակերպիչները: Այս պահի դրությամբ ոչ մի դիմորդի մոտ ջերմության խնդիր չի առաջացել, կազմակերպիչները նույնպես ջերմաչափվել են, ամեն ինչ նորմալ է»,- ներկայացրեց Սասուն Մկրտումյանը:
Շրջայցից հետո մարզպետ Գնել Սանոսյանը նշեց, որ, քննությունների նախապատրաստական փուլից սկսած, գլխավոր խնդիրը եղել է դիմորդների առողջության եւ անվտանգության պահպանումը և դրա համար համապատասխան միջոցառումների կիրառումը: «Շրջայցի ընթացքում ես եկա այն համոզման, որ բավականին լավ է կազմակերպված ամեն ինչ, խրախուսելի է նաև այն փաստը, որ տեխնիկական որոշակի լուծումների շնորհիվ ծնողները հնարավորություն ունեն տեսնելու, հետևելու, թե ինչ է կատարվում դահլիճում: Կարևոր է նաև այն, որ քննությունից հետո դիմորդները հնարավորություն ունեն՝ պատճենահանել իրենց աշխատանքները և տուն տանել: Հույս ունեմ, որ ստեղծված պայմաններում մեր դիմորդները կկարողանան հանգիստ շարադրել իրենց գիտելիքները: Բոլոր դիմորդներին մաղթում եմ հաջողություններ»,- նշեց Գնել Սանոսյանը:
Մարզպետը զրուցեց նաև դիմորդների ծնողների հետ: Վերջիններս շնորհակալություն հայտնեցին կազմակերպչական բոլոր տեսակի աշխատանքների և քննության համար լիարժեք պայմաններ ստեղծելու համար: Մարզպետն էլ իր հերթին ծնողներին հավաստիացրեց, որ նորմալ միջավայր է ստեղծված, որպեսզի երեխաները իրենց գիտելիքները շարադրեն: « Այս տարի շրջանավարտները արտակարգ պայմաններում են ավարտել դպրոցը և համոզված եմ, որ քննությունները նույնպես արտակարգ արդյունքներով կհանձնեն»,- նշեց մարզպետը:
Գնել Սանոսյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ ոստիկանության մարզային վարչությանը, Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությանը, ԿԳՄՍ նախարարությանը, ԳԹ կենտրոնին և այն կառույցներին, որոնց ներկայացուցիչները աջակցել են քննությունների կազմակերպման և անցկացման հարցում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59