Նորություններ
Նորակերտում կբարելավվի խմելու ջրի մատակարարումը
02.07.2020

Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում խմելու ջրատարի ներքին ցանցը կհիմնանորոգվի 2650 մետր երկարությամբ, որով եւ կամբողջանա նախորդ տարում սկսված ծրագիրը: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 21 միլիոն դրամ, որի 70 տոկոսը կամ 14 միլիոն 700 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 6 միլիոն 300 հազար դրամը՝ Նորակերտի համայնքապետարանը: Նորակերտ համայնքի ղեկավար Գերասիմ Սարգսյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթը կամփոփվի հուլիսի վեցին, որից հետո կմեկնարկի շինարարությունը եւ կավարտվի առաջիկա երեք ամիսների ընթացքում: «Համայնքի խմելու ջրատարի ներքին ցանցի ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 7150 մետր, որից 4500 մետրը հիմնանորոգվել է նախորդ տարվա սուբվենցիոն ծրագրով, իսկ մնացած 2650 մետրը կհիմնանորոգվի այս տարվա ընթացքում: Համայնքի Վերին թաղամասի շուրջ 60 տնտեսության խմելու ջուր մատակարարվում է երկու օրը մեկ անգամ, քանի որ ներքին ցանցը քայքայված է: Այս ծրագիրն էլ ուղղված է այդ խնդրի կարգավորմանը: 1400 մետր երկարությամբ հիմնանորոգվելու է արտաքին ցանցից սնվող եւ դեպի օրվա կարգավորիչ ջրամբար գնացող մղման գիծը, եւս 1250 մետր էլ՝ ջրամբարից թաղամասին սնող գիծը: Այն հատվածներում, որտեղ նախկինում հիմնանորոգել ենք ներքին ցանցը, արդեն ապահովված է շուրջօրյա ջրամատակարարումը: Վերին թաղամասի տնտեսություններում ջրամատակարարումը այս ծրագրով կբարելավվի, սակայն այստեղ շուրջօրյա ջրամատակարարման հասնելու համար հարկավոր է Ակունք համայնքից սնվող օրվա կարգավորիչ ջրամբարում իրականացնել վերակառուցման եւ ջրաքանակի ավելացման աշխատանքներ, ինչը ծրագրել ենք կատարել եկող տարվա ընթացքում, սուբվենցիոն հերթական ծրագրի շրջանակներում: Դրանից հետո միայն համայնքը հիմնովին կանցնի շուրջօրյա ջրամատակարարման»,- նշեց համայնքի ղեկավարը: