Նորություններ
Մադինա գյուղը կլուսավորվի ամբողջությամբ
19.06.2020

Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում այս տարի լուսավորվածության ցանց կկառուցվի թիվ 1,2, 4, 6, 8,9,10-րդ փողոցներում: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 10 միլիոն 800 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 7 միլիոն 560 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 3 միլիոն 240 հազար դրամը՝ Մադինայի համայնքապետարանը: Մադինայի համայնքապետի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է: Տեղադրվելու է 81 լուսատու՝ ընդհանուր 2430 մետր երկարությամբ: «Մադինայի գիշերային լուսավորվածության ցանցը վերջին տարիների ընթացքում կառուցվել է մի քանի փուլերով: Այն այս տարի արդեն բերվում է ավարտական տեսքի: Այս ծրագրի ավարտով Մադինան գիշերային ժամերին դառնում է ամբողջապես լուսավորված՝ իր բոլոր թաղամասերով ու տներով: Շինարարական աշխատանքները կմեկնարկեն հուլիսի ամսին եւ կավարտվեն այս տարվա ընթացքում»,-ներկայացրեցին Մադինայի համայնքապետարանից: