Նորություններ
Մարտունի քաղաքի Երեւանյան փողոցի հիմնանորոգումը կամբողջացվի սուբվենցիոն ծրագրով
19.06.2020

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Երեւանյան փողոցի հիմնանորոգման ծրագիրը, որն ընթացել է մի քանի փուլերով, կավարտվի այս տարվա ընթացքում, ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 134 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 80 միլիոն 400 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 53 միլիոն 600 հազար դրամը՝ Մարտունու համայնքապետարանը: Մարտունու քաղաքապետի հավաստմամբ՝ ծրագրով նապատեսվում է Երեւանյան փողոցի ասֆալտապատում 690 գծամետր երկարությամբ եւ շուրջ 6900 քառակուսի մետր մակերեսով: 2100 քառակուսի մետր մակերեսով ասֆալտապատում կկատարվի մայթերում: Շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է:«Երեւանյան փողոցի ընդհանուր երկարությունը կազմում է 3,2 կիլոմետր: Վերջին տարիների ընթացքում մի քանի փուլերով ու տարբեր ծրագրերով կատարվել էր հիմանորոգում, ու այն ավարտի հասցնելու համար մնում էր 690 գծամետր, որը եւ նորոգվելու է այս տարի: Երեւանյան փողոցը մեր քաղաքի կենտրոնական ու կարեւոր փողոցներից մեկն է, որը միացնում է Երեւան-Վարդենիս-Մարտակերտ մայրուղին Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհին»,-ներկայացրեց Մարտունու քաղաքապետը: