Նորություններ
Ծովինարի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները կշարունակվեն սուբվենցիոն ծրագրի երկրորդ փուլով
11.06.2020

Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները, որոնք սկսվել էին նախորդ տարվանից, կշարունակվեն նաեւ այս տարվա ընթացքում, ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից, ծրագրի իրականացման ընդհանուր արժեքը կազմում է 40 միլիոն դրամ, որի 65 տոկոսը կամ 26 միլիոն դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 14 միլիոն դրամը՝ Ծովինարի համայնքապետարանը: Ծովինար համայնքի ղեկավար Մհեր Մարտոյանի հավաստմամբ՝ շինարարական մրցույթն արդեն հայտարարված է: Հատկացված գումարի շրջանակներում կիրականացվի շենքի ներքին հարդարում: «Նախորդ տարի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում աշխատանքները Ծովինարի մանկապարտեզում իրականացվեցին 30 միլիոն դրամի շրջանակներում: Հիմնովին փոխվեցին շենքի տանիքը, դռներն ու պատուհանները: Այս տարի կկատարվեն ներքին հարդարման աշխատանքներ: Մանկապարտեզը կբացվի եւ կգործի 100 երեխայի համար»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը: