Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարտունու բժշկական կենտրոնում կբացվի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար նախատեսված բաժանմունք

09.06.2020

Մարտունու բժշկական կենտրոնի տարածքում առաջիկա օրերի ընթացքում կբացվի կորոնավիրուսային վարակով պացիենտների բուժման համար առանձնացված բաժանմունք: Հունիսի 9-ին, աշխատանքային այց կատարելով Մարտունու բժշկական կենտրոն, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը տեղում ծանոթացավ նորաստեղծ բաժանմունքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին եւ տեխնիկական ու կադրային հագեցվածության հետ կապված խնդիրներին: Ինչպես ներկայացրեց Մարտունու ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը, նորաստեղծ բաժանմունքը գործելու է թեթեւ եւ միջին ծանրության հիվանդների համար 30, իսկ ինտենսիվ թերապիայի համար մինչեւ 10 մահճակալ հզորությամբ: Բուժսպասարկումը կիրականացվի տեղի մասնագետների ուժերով: Բաժանմունքն ունենալու է առանձին մուտք, բարեկարգվում է նաեւ բաժանմունք տանող ճանապարհը: «Այս քայլը ձեռնարկվել է ՀՀ կառավարության եւ մեր համատեղ նախաձեռնությամբ: Նկատի ունենալով մեր մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը եւ ստեղծված իրավիճակը՝ նպատակահարմար համարեցինք ստեղծել այս բաժանմունքը, որպեսզի կարողանանք տեղում բուժօգնություն ցուցաբերել մեր քաղաքացիներին: Բոլոր ուղղություններում աշխատում ենք արագացված տեմպերով՝ ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ: Անելու ենք հնարավորը, որպեսզի առաջիկա օրերի ընթացքում բաժանմունքը սկսի ընդունել հիվանդների: Այն կսպասարկի հիմնականում մեր մարզի բնակչությանը, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ Արցախի եւ Հայաստանի այլ մարզերի բնակիչներին», -նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 13:40:46