Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը մարզում դիտարկեց ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը

06.06.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 6-ին Գեղարքունիքի մարզում դիտարկեց նույն նախարարության պատվիրատվությամբ և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը: Նախարարին ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Սուրեն Պապիկյանը եղավ Արծվանիստ համայնքում, որտեղ օրերս մեկնարկել են համայնքի 3.3 կիլոմետր ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Դրանք սկսվում են Մ11 միջպետական նշանակության ավտոճանապարհից, հասնում մինչև համայնքի կենտրոն, ապա շարունակվում մինչև Վանևան վանական համալիր: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 405 միլիոն դրամ, որի շրջանակներում նախատեսվում են հողային աշխատանքներ, մայթերի և եզրաքարերի կառուցում, ջրահեռացման խողովակների տեղադրում, ճանապարհային ծածկի հիմնանորոգման, արհեստական կառուցվածքների, երթևեկության անվտանգության տարրերի վերականգնման և նշագծման աշխատանքներ:
Նախարար Պապիկյանը և մարզպետ Սանոսյանը եղան նաև Արծվանիստ համայնքում 2020 թվականին ՀՀ կառավարության կողմից սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվող ներհամայնքային նշանակության ճանապարհի հիմնանորոգման շինհրապարակում: Այս տարի մեկնարկած 450 մետր երկարությամբ ճանապարհի շինարարական աշխատանքների մոտ 90 տոկոսն արդեն ավարտված է: Մոտ օրերս աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն:
«Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում և միայն պետական բյուջեի ֆինանսավորմամբ Արծվանիստ համայնքում սկսած 2018 թվականից աստիճանաբար լուծում են ստանում ճանապարհաշինական և ջրամատակարարման համակարգերում առաջացած խնդիրները, որոնք նաև այս համայնքում հնարավորություն կստեղծեն զբոսաշրջության զարգացման համար: Բնականաբար այս աշխատանքները ենթադրում են նաև աշխատատեղերի ստեղծում: Աշխատանքների որակն առաջին հայացքից բավարար է, սակայն կա լաբորատոր փորձաքննություն և արդյունքների մասին կդատենք ավելի ուշ »,- իր խոսքում նշեց նախարար Սուրեն Պապիկյանը:

Այնուհետև նախարարը և մարզպետը դիտարկեցին ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող Մ 10 միջպետական նշանակության ճանապարհի շինարարական աշխատանքները, որն ընդգրկում է Մարտունի քաղաքի Կամոյի անվան փողոցը՝ 1,5 կիլոմետր երկարությամբ և նույն հատվածի մեկ կամուրջը: Այս ծրագրի արժեքը կազմում է 635 միլիոն դրամ: Այստեղ հիմնանորոգվելու է ամբողջ ճանապարհը՝ ասֆալտբետոնյա ծածկով, կառուցվելու են երկկողմանի մայթեր և անցկացվելու է ներքին ջրահեռացման համակարգ:
Վերը նշված ճանապարհաշինական երեք ծրագրերն էլ իրականացվում են «Շանթ Սեյրան» ՍՊ ընկերության կողմից: ՀՀ պետական բյուջեով իրականացվող շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել 2020 թվականի աշնանը, սակայն ընկերության շինարար Արմեն Ղուկասյանի հավաստմամբ, չնայած շինարարական աշխատանքների որոշակի բարդություններին, այնուամենայնիվ դրանք հնարավոր կլինի շահագործման հանձնել սահմանված ժամկետից շուտ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն եղան նաև Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի 20-40-րդ կիլոմետր հատվածում, որտեղ դիտարկեցին ՀՀ պետական բյուջեի միջոցներով օրերս մեկնարկած հիմնանորոգման աշխատանքները: Շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է ավելի քան 2,6 միլիարդ դրամ: Աշխատանքներն իրականացվում է «ԱԱԲ պրոյեկտ» ՍՊԸ-ի կողմից: Ավելի քան 40 տարի երբևէ հիմնանորոգման չենթարկված և ամբողջովին շարքից դուրս եկած ռազմավարական նշանակության ճանապարհի շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել մինչև տարեվերջ:
«Այս պահին հիմնանորոգվում է նաև Երևանից դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհի ամենավտանգավոր հատվածը և ի ուրախություն բոլորիս այստեղ կկառուցվի 4 գծանոց ճանապարհ, մայթեր, կանցկացվի լուսավորության ցանց և կունենանք երթևեկության համար անվտանգ ճանապարհ»,- ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 11:29:44