Նորություններ
Ձորագյուղում կկառուցվի ոռոգման ջրատար
05.06.2020

Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում այս տարվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի ոռոգման ջրատար՝ շուրջ 700 գծամետր երկարությամբ: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից փոխանցեցին, որ ծրագրի իրականացման ընդհանուր արժեքը կազմում է 17 միլիոն 976 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 12 միլիոն 583 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 5 միլիոն 392 հազար դրամը՝ Ձորագյուղի համայնքապետարանը: Ձորագյուղ համայնքի ղեկավար Լեւիկ Գրիգորյանի հավաստմամբ՝ շինարարական մրցույթը հայտարարված է, հաղթող կազմակերպությունը հայտնի է, իսկ այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում՝ շինարարական աշխատանքները սկսելու համար: «Հիմնանորոգվում է համայնքի «Բախչի առու» կոչվող ոռոգման ջրատարը երկաթյա կիսախողովակներով: Այն ձգվում է մոտ 1500 մետր երկարությամբ, որի մոտ 800 մետրանոց հատվածը նորոգվել է մի քանի տարի առաջ, «Մարտունի» ջրօգտագործողների ընկերության միջոցներով, երկաթբետոնյա կիսախողավակներով: Այս ծրագրով ավարտական տեսքի կբերվի ոռոգման ջրատարի կառուցումը: Նախկինում այն հիմնականում հողաշեն էր, որի պատճառով ջուրը տեղ էր հասնում մեծ կորուստներով եւ ուշացումներով: Ջրատարի կառուցումից հետո 70 տնտեսության համար միանգամայն կբարելավվի ոռոգման ջրամատակարարումը: Արվում է հնարավորը, որպեսզի մինչեւ այս տարվա ոռոգման շրջանի մեկնարկը ջրատարը պատրաստ լինի շահագործման»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը: