Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Կայուն համայնքներ» նախագծի ղեկավարը մարզպետին ներկայացրեց մարզի սահմանային բնակավայրերին առնչվող 2020թ. ծրագրերի ցանկը

03.06.2020

 

Հունիսի 3-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հեռավար զրույց ունեցավ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի ղեկավար Արման Վալեսյանի հետ: Զրույցի ընթացքում ծրագրի ղեկավարը մարզպետի հավանությանը ներկայացրեց «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակներում 2020 թվականի Գեղարքունիքի մարզի` սահմանային բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման համար նախանշված ծրագրերի ցանկը, որոնք պետք է կյանքի կոչվեն համայնք- մարզպետարան- միջազգային կազմակերպություն համագործակցության արդյունքում: «Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Գեղարքունիքի մարզի` սահմանին մոտ բնակավայրերում որևէ ծրագիր իրականացնելուց առաջ անպայման ունենանք նաև մարզպետի կարծիքը: Կարևորում ենք նաև այն հանգամանքը, որ մարզպետարանը մեզ կօգնի` խնդիրները բացահայտելու և դրանց առավել արդյունավետ կերպով լուծում տալու հարցում»,- նշեց ծրագրի ղեկավարը:
Ըստ Արման Վալեսյանի՝ առաջին ծրագիրն առնչվում է սահմանին մոտ գտնվող բնակավայրերում համայնքապետարանների կողմից հատկացված հողատարածքներում իրականացված գարնանացանի աշխատանքներին: Ծրագրի ղեկավարի փոխանցմամբ՝ մարզի սահմանային համայնքների համար ցանվել է մոտ 45 տոննա գարու եւ կարտոֆիլի էլիտար և սուպեր էլիտար սերմացու, որից ստացված բերքը կպահեստավորվի Ճամբարակ համայնքում՝ պարենային բազա ստեղծելու նպատակով: Գյուղատնտեսության զարգացման նպատակով աշնանը, ծրագրի շրջանակներում, մարզում կիրականացվեն նաև աշնանացանի աշխատանքներ:
Նախատեսված հաջորդ ծրագիրը՝«Սթարթ մի ափ», ձեռներեցության խթանմանն ուղղված համաֆինանսավորման ծրագիրն է, որն առնչվում է սննդի արտադրության ոլորտի հետ: «Եթե այս ուղղությամբ խելացի և հետաքրքիր գաղափարներ կան, մենք պատրաստ ենք մինչև 20 հազար դոլար արժողությամբ ծրագրի 70 տոկոսը համաֆինանսավորել: Պատրաստ ենք նաև աջակցել պետության կողմից ֆինանսավորվող 280 քառակուսի մետր տարածքում կառուցվող «Խելացի անասնագոմեր» շահառուների մասնաբաժնի 70 տոկոսը»,- նշեց Արման Վալեսյանը:
ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրով նախատեսված 4-րդ և 5-րդ առաջարկներն առնչվում են մարզի դպրոցական ճաշարանների վերանորոգման աշխատանքներին աջակցելուն և էլեկտրոնային կոմերցիոն հարթակի ստեղծմանը: Վերջինիս նպատակն է՝ «Կայուն համայնք» ծրագրի շրջանակներում էլեկտրոնային հարթակի միջոցով կազմակերպել սահմանային բնակավայրերում արտադրված մթերքի իրացումը: Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին՝ համատեղ քննարկել և պլանավորել նաև այն անելիքները, որոնք առնչվում են այդ համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանը: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հույս հայտնեց, որ բոլոր առաջարկները կքննարկվեն և վերլուծության կենթարկվեն մարզպետարանում, համապատասխան ներկայացուցիչների մասնակցությամբ և սեղմ ժամկետներում ու համատեղ կմեկնարկեն դրանց իրականացման աշխատանքները:

 

Կարևոր է նշել, որ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը ֆինանսավորվում Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:22:36