Նորություններ
Ախպրաձոր համայնքի բոլոր փողոցները կունենան գիշերային լուսավորություն
27.05.2020

Գեղարքունիքի մարզի ամենաբարձր լեռնային գյուղ համարվող Ախպրաձորում գիշերային լուսավորության ցանցը կընդգրկի բոլոր փողոցները: Լուսավորության ցանցը կառուցվելու է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 15 միլիոն 553 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 10 միլիոն 109 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 5 միլիոն 443 հազար դրամը՝ Ախպրաձորի համայնքապետարանը: Ախպրաձոր համայնքի ղեկավար Լավրենդիկ Ղազարյանի տեղեկացմամբ՝ լուսավորվելու են գյուղի բոլոր վեց փողոցները: Լուսավորության ցանցը կկառուցվի 2500 գծամետր երկարությամբ: Կտեղադրվի 83 լուսատու: Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում: «Կարելի է ասել, որ մեզանում վաղուց մոռացել էին լուսավորության ցանցի մասին: Այս ծրագրի իրականացմամբ մեր համայնքի համար կենսական կարեւոր խնդիր է լուծվում՝ նկատի ունենալով գյուղի բարձրադիր վիճակը եւ բնակլիմայական խստաշունչ պայմանները»,-ներկայացրեց Ախպրաձոր համայնքի ղեկավարը: