Նորություններ
Աստղաձորում կասֆալտապատվի երկու փողոց
26.05.2020

Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կասֆալտապատվի երկու փողոց: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 98 միլիոն 93 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 58 միլիոն 855 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 39 միլիոն 237 հազար դրամը՝ Աստղաձորի համայնքապետարանը: Ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն Զորավար Անդրանիկ եւ 21-րդ փողոցներում՝ շուրջ 1300 գծամետր երկարությամբ եւ 6500 քառակուսի մետր մակերեսով: «Զորավար Անդրանիկ փողոցը կասֆալտապատվի 700 գծամետր երկարությամբ: Դրանով այն ամբողջովին կդառնա ասֆալտապատ, քանի որ մնացած 800 գծամետրը ասֆալտապատվել էր նախորդ տարվա ընթացքում, կրկին սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Ամբողջ երկայնքով կասֆալտապատվի նաեւ 21-րդ փողոցը, որի երկարությունը կազմում է շուրջ 600 մետր:Շինարարական մրցույթը կհայտարարվի առաջիկայում: Աշխատանքները նախատեսված է ավարտել այս տարվա ընթացքում»,-ներկայացրեց Աստղաձոր համայնքի ղեկավարը: