Նորություններ
Մադինայում կիրականացվեն ջրահեռացման եւ ոռոգման առուների կառուցման աշխատանքներ
14.05.2020

Մադինա գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կիրականացվեն ջրահեռացման եւ ոռոգման առուների կառուցման աշխատանքներ: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի վարիչի տեղեկացմամբ ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 17 միլիոն 785 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 12 միլիոն 450 հազար դրամը հատկացնելու է ՀՀ կառավարությունը, 5 միլիոն 335 հազար դրամը՝ Մադինայի համայնքապետարանը: Մադինա համայնքի ղեկավարի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում: «Ծրագրով նախատեսված է համայնքով անցնող մայր առվի կառուցում երկաթյա կիսախողովակներով, շուրջ 700 մետր երկարությամբ: «Օրթաքենդ» կոչվող տարածքից սնվող ոռոգման մայր առուն միաժամանակ ծառայում է որպես հեղեղատար: Այն հողաշեն լինելու պատճառով ոռոգման սեզոնում հանգեցնում է ջրի մեծաքանակ կորուստների, իսկ հեղեղումների ժամանակ քանդվում՝ սպառնալով վարելահողերին: Այս ծրագրի իրականացմամբ նվազագույնի կհասցվեն ոռոգման ջրի կորուստները, ինչպես նաեւ՝ հեղեղումների դեպքերը: Այս առվից օգտվում է գյուղի տնտեսությունների մոտ 90 տոկոսը»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը: