Նորություններ
Դդմաշենի հանդիսությունների սրահի հիմնանորոգման երկրորդ փուլը նույնպես կիրականացվի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում
04.05.2020

Դդմաշեն համայնքում այս տարի կիրականացվի սուբվենցիոն հերթական ծրագիրը, որով նախատեսվում է ավարտի հասցնել համայնքի հանդիսությունների սրահի հիմնանորոգումը: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնից ստացված տվյալների համաձայն ծրագրի երկրորդ փուլի իրականացման ընդհանուր արժեքը կազմել է 52 միլիոն 132,8 հազար դրամ, որի 55 տոկոսը կամ 36 միլիոն 493 հազար դրամը հատկացնում է Դդմաշենի համայնքապետարանը, 45 տոկոսը կամ 10 միլիոն 639,8 հազար դրամը՝ ՀՀ կառավարությունը: Դդմաշենի հանդիսությունների սրահի հիմնանորոգման ծրագրի առաջին փուլն իրականացվել է 2019 թվականին, դարձյալ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Դդմաշեն համայնքի ղեկավարի հավաստմամբ՝ առաջին փուլում իրականացվել են հանդիսությունների սրահի հին շենքի քանդման եւ դրա վերակառուցման աշխատանքներ, նորոգվել է շենքի տանիքը եւ փոխվել են բոլոր պատուհանները: «Դդմաշենի հանդիսությունների սրահի հիմնանորոգման ծրագրի երկրորդ փուլում նախատեսվում է ներսի մնացած աշխատանքները ավարտին հասցնել: Ակնկալում ենք, որ այս տարվա ընթացքում Դդմաշենը կունենա 400 տեղանոց հանդիսությունների սրահ, որի գործարկումն անչափ պահանջված է համայնքի բնակչության կարիքների համար: Շինարարական մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը: