Նորություններ
Հարգանքի տուրք՝ սրբադասված նահատակների հիշատակին
24.04.2020
Ապրիլի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը իր և մարզի բնակչության անունից ծաղկեպսակ դրեց և ծաղիկներ խոնարհեց Գավառ քաղաքում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակն հավերժացնող խաչքարին: Ծաղկեդրում կատարեցին նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Պարթև վարդապետ Բարսեղյանը, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի, ՀՀ ոստիկանության աշխատակիցներ, հոգևոր հայրեր:
Ծաղկեդրման արարողությունից հետո Գեղարքունյաց թեմի առաջնորդանիստ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի կողմից մատուցվեց Բարեխոսության կարգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների: «Մենք՝ ձեզ հետ միասին, աղոթքով հիշեցինք մեր Սուրբ նահատակներին: Աղոթք հնչեցրինք առ Աստված, որ մեր բարեխոս Սրբերը, հատկապես այս օրերին, լսելով մեր աղոթքները, իսկապես մեզ ուժ, կարողություն և զորություն տան` հաղթահարելու մեր օրերում մեր հայրենիքի և ժողովրդի առջև հառնած դժվարությունները: Մեր նահատակներն արժանացել են Սրբության պսակին, և մենք այլևս ոչ թե նրանց հոգիների հանգստության համար ենք աղոթք բարձրացնում, այլ նրանց օրհնությունն ենք հայցում, նրանց բարեխոսությանն ենք դիմում` իբրև հաղթանակած Սրբեր, որոնք որ վայելում են Տիրոջ ներկայությունը, որպեսզի մեզ համար բարեխոս լինեն: Մեր եկեղեցին իմաստնորեն կատարեց այդ քայլը: Եվ այն այսօր ապրողներիս ուժ և զորություն է տալիս, և մենք ուշիուշով հետևում ենք մեր հայրենի պետության կողմից ձեռնարկած բոլոր միջոցառումներին, որոնք միտված են մեր հավատացյալների, մեր ժողովրդի առողջության պահպանմանը: Մեծարգո պարոն մարզպետ և քաղաքապետ, մենք բարձրորեն գնահատում ենք ձեր բերած ջանքերը, որն ուղղված է մեր ազգաբնակչության առողջացմանն ու անվտանգ կյանքին: Եվ այսօր, այս նահատակաց հիշատակության օրը, մեր բոլորի աղոթքները թող վեր բարձրանան առ Աստված, և մեր բարեխոս նահատակ հայրերն ու մայրերը լսեն մեր աղոթքները և զորություն պարգևեն մեր պետական այրերին, հոգևոր իշխանությանը, որպեսզի համախմբված հաղթահարենք այս դժվար օրերը և լծվենք մեր հայրենիքի վաղվա շեն ու լուսավոր օրը կերտելու կարևոր առաքելությանը»,- դիմելով ներկաներին` նշեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Պարթև վարդապետ Բարսեղյանը: Ներկաները սրբադասված նահատակների հիշատակը հարգեցին նաև մոմավառությամբ:
Ծաղկեդրման արարողություններ կատարվեցին նաև մարզի քաղաքային մնացած համայնքներում: