Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկացում

22.04.2020

ՀՀ Պարետ Տիգրան Ավինյան

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը և ամբողջ առաջադեմ մարդկությունը ոգեկոչելու է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Տասնամյակներ շարունակ հազարավոր մարդիկ՝ Հայաստանից, Արցախից, Սփյուռքից, օտարերկրյա հյուրեր այդ օրն այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Բոլորիս համար արարողությունը հիշատակի, պահանջի ու վերածննդի նշանակություն ու խորհուրդ ունի:

2020թ․ ապրիլյան այս օրերին մենք պայքարում ենք համաշխարհային նոր մարտահրավերի՝ կորոնավիրուսի դեմ, որը հաղթահարելու և մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար կիրառվող առողջապահական սահմանափակումները ստիպում են մեզ նոր միջոց գտնել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար։

Այսպիսով, այս տարի մնում ենք տանը և չենք այցելում Հայոց ցեղասպանության հուշահամալիր, բայց մեր խորհրդանշական ներկայությունը ապահովելու համար կատարում ենք հետևյալ քայլերը:

Ապրիլի 23-ին, ժամը՝ 21:00, եկեղացական զանգերի ղողանջի ներքո մարում են Երևանի և մարզերի հրապարակների, փողոցների լույսերը: Կոչ եմ անում մարել նաև Ձեր բնակարանների լույսերը ու պատուհանի մոտ միացնել հեռախոսների լապտերների լույսը: Այս գործողությունն իր խորհրդանշական արձագանքը կստանա Ծիծեռնակաբերդից, որին կարող եք հետևել Հանրայինի ուղիղ եթերով կամ հայացքները սևռելով դեպի հուշահամալիր:

Ապրիլի 24-ին մեր բոլորի անունից կառավարությունը 105 հազար ծաղիկ կխոնարհի հուշահամալիրի անմար կրակի մոտ: Նույն օրը ժամը 08:00-ից սկսած, քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին Հայաստանից, և 0037433191500 համարին արտասահմանից՝ հաստատելու իրենց հեռակա մասնակցությունը օրվա խորհրդին: Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին:

Նշեմ նաև, որ մինչև ապրիլի 25-ը ժամը 23:59-ը ներառյալ անվտանգության և կազմակերպչական նկատառումներից ելնելով Ոստիկանությունը փակելու է դեպի Ծիծեռնակաբերդ մուտքը:

Շնորհակալություն ձեր աջակցության, կարգապահության և պատասխանատվության համար: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 12:42:36