Նորություններ
Ճամբարակ եւ Շողակաթ համայնքների առանձին բնակավայրերի կարիքավոր ընտանիքներին օգնության կարգով կաղամբ է հատկացվել
21.04.2020
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ եւ Շողակաթ խոշորացված համայնքների առանձին բնակավայրերում, շուրջ 360 անապահով ընտանիքի օգնության կարգով կաղամբ է բաշխվել: Ավելի քան 15 տոննա կաղամբը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի անմիջական նախաձեռնությամբ եւ մարզպետարանի միջոցներով գնվել է Զոլաքար համայնքի տնտեսություններից, տեղափոխվել եւ տեղում բաշխվել է: Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանի հավաստմամբ՝ շուրջ 10 տոննա կաղամբ բաշխվել է Ճամբարակ քաղաքում, Գետիկ, Մարտունի, Թթուջուր, Վահան բնակավայրերում: Օգնությունը բաշխվել է շուրջ 300 ընտանիքի: Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանի հավաստմամբ՝ օգնությունը, 5 տոննա կաղամբի չափով, բաշխվել է Արտանիշ, Ջիլ, Ծափաթաղ գյուղերի 60 ընտանիքի: Կաղամբի տեղափոխման ծախսերը հոգացել է Զոլաքարի համայնքապետարանը: «Դժվար է ասել, թե որքան կպահպանվի արտակարգ դրությունը, ինչը խանգարում է մեր տնտեսություններին՝ իրենց բերքը ժամանակին իրացնելու, ուստի մեր տնտեսությունների համար սա չափազանց օգտակար ու կարեւոր քայլ էր»,-նշել է Զոլաքար համայնքի ղեկավարը:
Ապրիլի 20-ի դրությամբ ավարտվել է ևս 7,5 տոննա կաղամբի բաշխումը Ճամբարակ խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերում: Օգնությունը տրամադրվել է սոցիալապես անապահով ընտանիքների: Կաղամբի գնումը Զոլաքարից դարձյալ կատարել է Գեղարքունիքի մարզպետարանը՝ այսկերպ աջակցելով նաև Զոլաքարի տնտեսություններին: