Նորություններ
Հերթական օգնությունը բաշխվել է Գեղարքունիքի մարզի խոշորացված համայնքների 491 տնտեսությունների
21.04.2020
Կորոնավիրուսի կանխարգելման ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզում շարունակվում են ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կատարված նվիրատվությունների, ինչպես նաև դրանց բաշխման ուղղությամբ իրականացվող միջոցառումները: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս, Գեղամասար եւ Շողակաթ համայնքների մի շարք բնակավայրերում, ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի կողմից եւ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության օժանդակությամբ բաշխվում է մարդասիրական հերթական օգնությունը: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչությունից, վերը նշված համայնքների 22 բնակավայրերում սոցիալապես անապահով 491 ընտանիքի տրամադրվել են սննդով եւ առաջին անհրաժեշտության պարագաներով լի արկղեր:
«Ճամբարակ համայնքում օգնություն տրամադրվել է Ճամբարակ քաղաքում, Վահան ու Թթուջուր բնակավայրերում, Շողակաթ համայնքում՝ Արտանիշ, Ջիլ Ծափաթաղ, Գեղամասար համայնքում՝ Գեղամասար, Ավազան, Արեգունի, Դարանակ, Կախակն, Կութ, Նորաբակ, Սոթք, Շատվան, Արփունք, Փամբակ բնակավայրերում: Վարդենիս համայնքում օգնությունը բաշխվում է Վարդենիս քաղաքում, Ներքին եւ Վերին Շորժա բնակավայրերում:
Ապրիլի 20-ի դրությամբ օգնության բաշխումն ավարտվել է վերոնշյալ համայնքների բոլոր բնակավայրերում»,-ներկայացրել է ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանը: