Նորություններ
Մինչև մայիսի 14-ը երկարաձգվել է արտակարգ դրության ժամկետը
15.04.2020

Գեղարքունիքի մարզի հարգելի բնակիչներ, ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ կառավարության սույն թվականի ապրիլի 13-ի N 543-Ն որոշմամբ երկարաձգվել է մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը` մասնավորապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ մեր բնակչության կյանքին ու առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման:
Այդուհանդերձ, կառավարության կողմից առանձնացվել են ոլորտներ, որտեղ ամբողջությամբ թույլատրվում է գործունեությունը: Այդ ոլորտներն են.
-գյուղատնտեսություն
-անտառային տնտեսություն
-ձկնաբուծություն, ձկնորսություն
-հանքարդյունաբերություն և բաց հանքերի շահագործում
-բացօթյա շինարարական գործունեություն
-ծխախոտային արտադրատեսակների արտադրություն
-էլեկտրաէներգիա, գազ, գոլորշի լավորակ օդի ոլորտի գործունեություն, ջրամատակարարում
-թափոնների կառավարում և վերամշակում, կոյուղի
-պահեստային տնտեսություն, ֆինանսական և ապահովագրական գործունեություն, պետական կառավարում, պաշտպանության և պարտադիր սոցիալական ապահովության ոլորտ
-առողջապահություն և սոցիալական սպասարկում ոլորտ
-օտարերկրյա կազմակերպությունների գործունեություն:
Անկախ այն հանգամանքից, որ վերը նշված ոլորտներում արդեն թույլատրվում է գործունեություն ծավալել` դարձյալ կոչ ենք անում և խնդրում ենք մեր ազգաբնակչությանը շարունակել հետևել անձնական հիգիենայի սահմանված կանոններին և կանխարգելիչ միջոցառումներին՝ դրսևորելով սոցիալական բարձր պատասխանատվություն: