Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը կշարունակի ներդրումային ծրագրեր իրականացնել Գեղարքունիքի մարզում

15.04.2020

Ապրիլի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Աննա Ջամբազյանին և նույն հիմնադրամի ծրագրերի ղեկավար Հայկուհի Մելքոնյանին: Հիմնադրամի փոխտնօրենը Գեղարքունիքի մարզպետին ներկայացրեց հիմնադրամի գործունեության անցած ճանապարհը, ուղղությունները, նպատակներին ու առաջիկա անելիքները:
Ինչպես նշվեց՝ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամն իր գործունեությունը Գեղարքունիքի մարզում սկսել է դեռևս 2001 թվականից, նպատակ հետապնդելով աջակցել անապահով ընտանիքների սոցիալական վիճակի բարելավմանը և համայնքների զարգացմանը: «Այս տարիների ընթացքում մեր հիմնադրամը աջակցել է սոցիալապես անապահով ընտանիքներին՝ սննդի, հագուստի, ուսման, բուժման ծախսերի տեսքով, հատկապես սահմանամերձ և բարձրլեռնային համայնքներում իրականացրել է սոցիալական ուղղվածության և գյուղատնտեսական նշանակության ծրագրեր: Մարզի ավելի քան 16 համայնքում և Ճամբարակ քաղաքում ընթացքի մեջ է շահառուների սպասարկման ծրագիրը, որի շրջանակներում շահառու երեխաները ստանում են սննդամթերքի ամենամսյա փաթեթներ, անհրաժեշտության դեպքում անվճար դեղորայքային և ատամնաբուժական աջակցություն: Այդ տարիների ընթացքում շահառուների թիվը տատանվել է 800-900 երեխայի միջև: Այս պահին արդեն ունենք 860 շահառու: Բացի այդ իրականացրել և ընթացքի մեջ են գտնվում անասնապահական ֆերմաների ստեղծման, ոռոգման համակարգերի անցկացման կամ բարելավման, փոքրիկ արտադրամասերի հիմնման, ջեռուցման համակարգերի անցկացման, մանկապարտեզների և հանդիսությունների սրահների վերանորոգման և այլ բնույթի ծրագրեր, որոնց վերաբերյալ պատրաստակամ ենք ներկայացնել նաև ֆինանսական հաշվետվություններ: Ներկա պահին եկել ենք տեղեկացնելու, որ պատրաստակամ ենք ընդլայնել բարեգործական ծրագրերի իրականացման շրջանակը»,- ասաց Աննա Ջամբազյանը: Վերջինս նշեց նաև, որ իրենց հիմնադրամի ղեկավարությունը առաջարկում է այսուհետ Գեղարքունիքի մարզի համայնքներում ցանկացած աշխատանք իրականացնել Գեղարքունիքի մարզպետարանի հետ համագործակցված, քանզի մարզպետարանը իրենց առավելագույնս կօգնի գտնել խոցելի ծրագրերը և ներդրումները կլինեն ավելի հեռանկարային :
Գնել Սանոսյանը շնորհակալություն հայտնեց «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի ղեկավարությանը և հովանավորներին՝ մազում, տարիների ընթացքում իրականացրած ծրագրերի համար, հույս հայտնելով, որ մարզպետարանի հետ ունեցած համագործակցությունը ևս կտա իր դրական արդյունքը: «Ողջունում եմ հիմնադրամի գործունեությունը Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում և իմ համոզմունքն եմ հայտնում, որ մարզպետարանի հետ ձևավորվող համագործակցությունն ավելի արդյունավետ կլինի և հասցեական: Մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումները ձեզ կաջակցեն և կկողմնորոշեն նաև ծրագրերի ընտրության հարցում: Մենք ունենք թեժ և խնդրահարույց շատ ոլորտներ և ցանկալի է, որպեսզի ներդրումներն իրականացվեն հենց այդ խնդիրների լուծման ուղղությամբ: Մենք պատրաստ ենք համագործակցել մեր լիազորությունների և հնարավորությունների սահմաններում»,- նշեց Գնել Սանոսյանը:
«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներն այնուհետև առաջարկեցին իրենց աջակցությունը մարզին՝ երկրում տիրող արտակարգ դրությամբ պայմանավորված: Գնել Սանոսյանը խոստացավ համապատասխան կառույցների հետ քննարկել մարզում առկա կարիքները և 1 օրյա ժամկետում հիմնադրամին ներկայացնել այն ցանկը, որն առավել պահանջված է այս օրերին մարզի տնտեսությունների համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 14:43:43