Նորություններ
Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցն արդեն ունի նորացված ճաշարան եւ խոհանոց
14.04.2020
Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտներն այսուհետ «Դպրոցական սնունդ» ծրագրից կօգտվեն հիմնանորոգված ճաշարանի եւ խոհանոցի տարածքում: Ինչպես տեղեկացրեց Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Հասմիկ Բաղդասարյանը, ճաշարանի եւ խոհանոցի վերանոգման համար շինանյութի տեսքով հիմնական օժանդակությունը տրամադրվել է ՄԱԿ-ի ՊՀԾ «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում, մնացած շինանյութերի եւ կատարված աշխատանքների ամբողջ ծախսը, որը կազմել է շուրջ 800000 դրամ, տրամադրել է համագյուղացի Անդրանիկ Միհրանյանը։ «Շինարարական աշխատանքներն իրականացրեցին մեր աշակերտների ծնողները՝ դրանք կատարելով ավելի մատչելի գներով: Իսկ մինչ այս ձեռքբերումը` մենք ունեինք շատ անմխիթար վիճակ։ Աշակերտները սնվում էին անբարեկարգ, սանիտարական բավարար պայմաններ չապահովող տարածքում: Իսկ հիմա, շնորհիվ մարդկանց բարի կամքի եւ մեր միասնական ջանքերի, մեր աշակերտները կսնվեն միանգամայն մաքուր ու բարեկարգ տարածքում: Մեր մանկավարժական կոլեկտիվը, աշակերտները եւ ծնողները իրենց երախտագիտությունն են հայտնում նրանց, որոնց ջանքերով հաջողվեց իրականություն դարձնել այս կարեւոր ձեռնարկը»,-նշեց դպրոցի տնօրենը: