Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը ստորաբաժանումների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց մի շարք ոլորտային խնդիրների վրա

14.04.2020

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ապրիլի 14-ին աշխատանքային հերթական խորհրդակցությունն անցկացրեց մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության սկզբում մարզպետը տեղեկացրեց, որ, 2 օր առաջ գրանցված կորոնավիրուսով հիվանդի կրկնակի թեստը բացասական է։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ բժիշկները եկել են եզրակացության, որ կարիք կա 3-րդ թեստը անելու։ Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի ։
Ըստ մարզպետի, հարկավոր է, ինչպես մարզում սահմանված հսկիչ անցակետերում, այնպես էլ ներհամայնքային և միջմարզային անցակետերում ավելի խստացնել հսկողությունը, պատշաճ մակարդակով իրականացնել մարզպետարանի և այլ պատասխանատու կառույցների վրա դրված պարտականությունները:
Այնուհետ Գնել Սանոսյանն անդրադարձավ արտակարգ դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների ընթացին: Նա տեղեկացրեց, որ, երկրում տիրող արտակարգ դրությամբ պայմանավորված, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմին երկրորդ եռամսյակի ընթացքում հատկացվելիք պարգևավճարներն արդեն վերադարձվել է պետական բյուջե: «Սա մի նախաձեռնություն է, որին Գեղարքունիքի մարզպետարանի յուրաքանչյուր աշխատակից պետք է ըմբռնումով մոտենա և գիտակցի , որ արտակարգ դրության պայմաններում ինքը ևս օգտակար է եղել իր երկրին՝ սոցիալական խնդիրների մեղմման առումով» ,- նշեց մարզպետը:
Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի ԱՍԱ վարչության պետ Լուսինե Վարդանյանի ներկայացրած տեղեկատվության՝ մարզում այօրվա դրությամբ հաշվառված է 176 ինքնամեկուսացված քաղաքացի, ովքեր հիմնականում եկել են ՌԴ-ի տարբեր քաղաքներից: Ջերմող և կոնտակտավոր հիվանդներ չկան, իսկ երեխաների և մեծահասակների շրջանում մոտ 50 տոկոսով նվազել է դիմելիությունը առաջնային պահպանման օղակներում: Գնել Սանոսյանը հորդորեց՝ պահպանել սերտ համագործակցությունը մարզի բուժհիմնարկների հետ և խնդիրներ ի հայտ գալու դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ: «Զգոն և կազմակերպված լինենք, դիմագրավենք բարդություններին, որպեսզի խնդրահարույց օջախները կառավարելի լինեն մեր կողմից» ,- հավելեց մարզպետը:
Գնել Սանոսյանն իր երախտագիտությունը հայտնեց բոլոր անհատներին և առանձին կազմակերպություններին, որոնք այս օրերին իրականացնում են բարեգործական ձեռնարկներ: Մարզպետը հանձնարարեց՝ հրապարակային դարձնել նման նախաձեռնությունները: Մարզպետը միաժամանակ առաջարկեց խրախուսել մարզպետարանի այն աշխատակիցներին, ովքեր մշտական հերթապահություն են իրականացնում ինչպես մարզպետարանի շենքում, այնպես էլ՝ մարզի գլխավոր ճանապարհներին տեղակայված հսկիչ անցակետերում:
Հանդիպման ընթացքում խոսվեց մարզում իրականացվող հեռավար ուսուցման արդյունքների մասին: Գնել Սանոսյանը հանձնարարեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետին՝ անել հնարավորը, որպեսզի ոչ մի աշակերտ դուրս չմնա հեռավար ուսուման գործընթացից, «Եվ քանի որ դպրոցներում դասապրոցեսները դադարեցված են, հարկավոր է ձեռնամուխ լինել ՄԱԿ-ի ՊՀԾ-ի աջակցությամբ նախատեսվող դպրոցական ճաշարանների վերանորոգման աշխատանքների իրականացմանը»,- հավելեց մարզպետը:
Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Մամիկոն Գալոյանի ուշադրությունը հրավիրեց Գավառի մանկատան առօրյային, սննդի կանոնավոր մատակարարման հարցին: Նա հորդորեց՝ արտակարգ իրավիճակում պահպանել խոհեմություն և հավասարակշռություն, իսկ անհրաժեշտության դեպքում ԶԼՄ-ներին տրամադրել միայն ճշգրտված և պաշտոնական հիմքեր ունեցող տեղեկատվություն:
Խորհրդակցության ընթացքում մարզպետն անդրադարձավ նաև սեղմ ժամկետներում մարզի համայնքներից սուբվենցիոն ծրագրերի հավաքագրումն ավարտելու, սպանդանոցների գործունեության կարգավորման, ազոտական պարարտանյութերի ներկրման, հողերի աճուրդ - վաճառքների անցկացման նպատակով հայտերի ընդունման, արոտների եւ խոտհարքերի օգտագործման նպատակով պայմանագրերի կնքման, մարզի հանրակրթական դպրոցներում, մշակութային հաստատություններում և բուժհիմնարկներում թափուր պաշտոնների մրցույթների անցկացման ժամկետների հետաձգման իրավական գործընթացների հետ կապված հարցերին: Խոսվեց քաղաքացիների կողմից մարզպետարան ուղղվող էլեկտրոնային նամակներին սահմանված ժամկետներում պատասխանելու մասին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59