Նորություններ
Կայացավ կորոնվիրուսի դեմ իրականացվող միջոցառումների ընթացքին վերաբերող հերթական նիստը
01.04.2020
Ապրիլի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հրավիրեց կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների իրականացման աշխատանքային թիմի հերթական նիստը, որին մասնակցում էին նաև ՀՀ Ոստիկանության, ԱԱԾ, ՀՀ ԱԻՆ մարզային կառույցների ղեկավարները: Աշխատանքային թիմի անդամները ներկայացրեցին իրենց համակարգման ոլորտներում իրականացվող միջոցառումների վերաբերյալ մանրամասներ: Զեկուցվեց, որ մարզում ընթացքի մեջ են գտնվում պարենի հավաքագրման և անապահով ընտանիքներին տրամադրելու նպատակով իրականացվող աշխատանքները, մարզի բոլոր համայնքների մուտքերի մոտ ՏԻՄ-երի ներկայացուցիչների կողմից իրականացվում են հսկողություններ՝ քաղաքացիների և տրանսպորտային միջոցների տեղաշարժերի նկատմամբ: Նշվեց նաև, որ ապրիլի 1-ի դրությամբ արտերկրից և Երևան քաղաքից մարզ ժամանած 314 ինքնամեկուսացված քաղաքացիներից 14-ը դուրս են եկել ինքնամեկուսացումից և առողջական որևէ խնդիր չունեն, իսկ գրանցված մի քանի ջերմող հիվանդների մոտ վիրուսի հետ կապված որևէ ախտանշաններ չեն հայտնաբերվել:
«Ինչպես գիտենք այս պահի դրությամբ Գեղարքունիքը միակ մարզն է, որտեղ կորոնավիրուսի դեպքեր չկան արձանագրված: Սակայն, այս իրավիճակում ես երկու անհանգստացնող հանգամանք եմ տեսնում, նախ՝ այս իրավիճակը մարզի բնակչությանը պետք է թույլ չտա, որպեսզի իրենց ապահովագրված զգան, պետք է խստագույնս պահեն պարետատան ցուցումները, և երկրորդը, որ հարևան մարզերից ակտիվ է քաղաքացիների հոսքը դեպի Գեղարքունիքի մարզ, ինչը կարող է անցանկալի հետևանքներ ունենալ՝ վարակի տարածման առումով: Իրավիճակը վերահսկելիության սահմաններում պահելու նպատակով հարկավոր է ուժեղացնել համագործակցությունը ՏԻՄ-երի և համայնքներում գործող բուժկետերի միջև, քանզի դրա միջոցով ավելի հստակ կարտացոլվի միջմարզային և ներհամայնքային ներքին շարժի պատկերը», - նշեց Գնել Սանոսյանը:
Այնուհետև Գեղարքունիքի մարզպետն անդրադարձավ Պարետի նոր ցուցումով իրականացվող միջոցառումներին, ըստ որի՝ ապրիլի 1-ի ժամը 14:00-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: Ըստ մարզպետի՝ սահմանված ժամից սկսած վերահսկողությունը մարզի յոթ հսկիչ անցակետերում առավել խստացված կլինի: