Նորություններ
Գեղարքունիքի մարզում սկսվել են գարնանացանի աշխատանքները
26.03.2020

Գեղարքունիքի մարզում գարնանացանը մեկնարկել է Գեղամասար խոշորացված համայնքից: Ինչպես տեղեկացրեց Գեղամասար համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մարգարյանը, գարնանացանի աշխատանքները սկսվել են մարտի երկրորդ կեսից՝ Փամբակ գյուղից եւ աստիճանաբար շարունակվել մյուս բնակավայրերում: «Այսօրվա դրությամբ արդեն կատարվել է շուրջ 150 հեկտար գարու ցանք: Մեր համայնքի տարածքում առկա են կլիմայական տարբեր գոտիներ, ուստի գարնանացանը հավասարաչափ չի ընթացել, սակայն այս պահին, գրեթե բոլոր գյուղերում մեկնարկն արդեն տրված է: Մեր դիտարկումներով՝ Գեղամասարի տնտեսություններում այս տարի կկատարվի 3200 հեկտար գարնանացան գարու ցանք: Տնտեսությունները հիմնականում ապահովված են սերմացուներով ու համապատասխան այլ միջոցներով՝ գարնանացանը ժամանակին ավարտելու համար: Համայնքում 3761 հեկտար էլ կազմել են աշնանացան ցորենի ցանքերը, որոնք շատ հաջող են ձմեռել եւ կենսունակ են հետագա աճի համար: Գարնանացանը Գեղամասարում կավարտվի մինչեւ ապրիլի 20-ը, եթե չխանգարեն եղանակային պայմանները»,-ներկայացրեց համայնքի ղեկավարի տեղակալը:
Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի հավաստմամբ՝ գարնանացանը վերջին մեկ-երկու օրերի ընթացքում սկսվել է նաեւ մարզի մյուս համայնքների ցածրադիր գոտիներում: