Նորություններ
Գեղարքունիքի մարզպետը կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շուրջ խորհրդակցություն անցկացրեց մարզի բուժհիմնարկների տնօրենների հետ
16.03.2020
Մարտի 16-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հանդիպում ունեցավ Գեղարքունիքի մարզի հիվանդանոցային ծառայություններ իրականացնող բուժհաստատությունների տնօրենների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներին վերաբերող մի շարք հարցեր: Բուժհիմնարկների տնօրենները ներկայացրեցին այն խնդիրները , որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը: Բուժհաստատությունների տնօրենների ներկայացմամբ՝ այս պահի դրությամբ անբավարար են բուժանձնակազմին և դիմող քաղաքացիներին հատկացվելիք դիմակները, արտահագուստները, ջերմաչափերը և ախտահանիչ այլ միջոցները: Գեղարքունիքի մարզպետն առաջարկեց՝ համատեղ քննարկել և առանձնացնել պահանջվող այն նյութերի ցանկը, որոնք պետք է պետգնման կարգով ձեռք բերել և անմիջապես հատկացնել բուժհաստատություններին: «Այս պահին շատ կարևոր է, որպեսզի առաջին հերթին պաշտպանված լինի բուժանձնակազմը: Նաև առանձնակի ուշադրություն պետք է դարձնենք նրան, որ չունենանք ներհիվանդանոցային ինֆեկցիաների բռնկումներ: Մենք աշխատելու ենք շատ արտակարգ ռեժիմի պայմաններում և մշակելու ենք մեր գործողությունների հաջորդականությունը »,- նշեց Գնել Սանոսյանը:
Մարզպետը նաև հորդորեց՝ անմիջական կապ պահպանել մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության հետ, որպեսզի արտակարգ իրավիճակների պայմաններում գործողությունները համաձայնեցվեն առողջապահության նախարարության կողմից մշակված պլանի հետ: