Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարտունիում և Գավառում բացվել են Ընտանեկան բռնության ենթարկված կանանց աջակցության կենտրոններ

11.03.2020

Տարեսկզբին, պետական աջակցությամբ, Գեղարքունիքի մարզում բացվել են Ընտանեկան բռնության ենթարկված կանանց աջակցության կենտրոններ, որոնք փետրվարի 1-ից գործում են Գավառ և Մարտունի քաղաքներում: Կենտրոնների աշխատանքները համակարգվում է Երևանի Կանանց աջակցության կենտրոնի կողմից: Մարզային նորաբաց կենտրոնների նպատակն է` աջակցություն ցուցաբերել ընտանեկան բռնության ենթարկված կանանց և երեխաներին, անվճար հիմունքներով նրանց տրամադրել իրավաբանական, հոգեբանական, փաստաբանական ուղորդումներ, ապաստարաններ: Աշխատանքները կենտրոններում իրականացվում են հոգեբանի, իրավաբանի և սոցիալական աշխատողի միջոցով:
Այս մասին մարտի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի աշխատասենյակում մարզպետին ներկայացրեց «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Գևորգյանը, ով կոորդինացնում է նաև նորաստեղծ կենտրոնների գործունեությունը: « Ընտանեկան բռնության ենթարկված կանանց աջակցության կենտրոններ կարող են դիմել բռնության ենթարկված անձինք, երեխաներ: Կենտրոններում նրանք կստանան անհրաժեշտ խորհրդատվություն, աջակցություն և ապաստան՝ խնդիրների լուծման ընթացքում: Բոլոր տեսակի ծառայությունները մատուցվում են անվճար: Ծրագրի տևողությունը մեկ տարի է: Այս ծրագիրը կարևորվում է նրանով, որ ավելի ընդգրկուն կանխարգելիչ գործունեություն է ծավալում և լրացնում այն բացը, որն առկա է ոստիկանության անչափահասների տեսչության գործունեության մեջ: Մենք ակնկալում ենք մարզպետարանի և պետական այլ կառույցների աջակցությունը, բռնության ենթարկված անձանց մեր կենտրոններ ուղորդելու հարցում: Ակնկալում ենք մարզպետարանի աջակցությունը նաև մարզային ենթակայության կրթական հաստատություններում բռնության ենթարկված ծնողների հետ հանդիպումներ կազմակերպելու հարցում»,- նշեց Անահիտ Գևորգյանը:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը կարևորեց նման կենտրոնների դերը մարզի տարբեր տրածաշրջաններում, հույս հայտնելով, որ դրանք իրենց գործունեությամբ կմեղմեն ընտանեկան բռնության դեպքերը: «Ես շատ կարևորում եմ կանխարգելել հասկացողությունը, որը կարծես այդ կենտրոնների գործունեության կարևոր նախապայմաններից մեկն է: Շատ ուրախ կլինեմ, եթե մենք հասնենք բռնությունների լիարժեք կանխարգելմանը: Գեղարքունիքի մարզպետարանը, մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը պատրաստակամ են համագործակցել Ընտանեկան բռնության ենթարկված կանանց աջակցության կենտրոնների հետ: Մարզպետարանի այս բաժինը կարևոր դերակատարություն ունի ձեր աշխատանքների կազմակերպման հարցում»,- նշեց Գնել Սանոսյանը:
Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին` իրազեկման և հետագա համագործակցության նպատակով առաջիկայում կազմակերպել ևս մեկ հանդիպում, որին կմասնակցեն ընտանեկան բռնության կանխարգելման գործում շահագրգռվածություն ցուցաբերող կազմակերպությունների ներկայացուցիչները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39