Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը լսեց Լճափ համայնքի ղեկավարի 2019 թվականի տարեկան աշխատանքային գործունեության հաշվետվությունը

10.03.2020

Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարները շարունակում են 2019 թվականին իրականացված եւ 2020 թվականին ծրագրված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնել: Մարտի 10-ին հաշվետվությամբ հանդես եկավ Լճափ համայնքի ղեկավար Արսեն Հովսեփյանը: Այն ընդունեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Հանդես գալով համայնքի ավագանու եւ բնակչության առջեւ, Լճափ համայնքի ղեկավարը ներկայացրեց համայնքի ձեռքբերումները, որոնք արձանագրվել են նախորդ տարվա ընթացքում: Ըստ համայնքի ղեկավարի, առավել ուշադրություն է դարձվել սեփական եկամուտների հավաքագրմանը: «Մեզ հաջողվեց տեղական բյուջեի սեփական եկամուտների հավաքագրումը հասցնել 82 տոկոսի: Հավաքագրված միջոցները եւ պետության կողմից տրամադրված դոտացիան, որոնք միասին կազմել են 10 միլիոն 52 հազար դրամ, ուղղվել է համայնքապետարանի եւ ենթակա հիմնարկների գործունեության ապահովմանը, ինչպես նաեւ՝ սոցիալ-տնտեսական նշանակության որոշ խնդիրների կարգավորմանը: Հիմնանորոգվել է գյուղի արարողությունների սրահը, որի ուղղությամբ ծախսվել է 3 միլիոն 726 հազար դրամ: Ընդարձակվել է գյուղի արտաքին լուսավորության ցանցը, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության հետ համագործակցությամբ մշակույթի տանը բացվել է արհեստագործական կենտրոն: Այս տարի համայնքի համար կարեւորագույն երկու խնդիր ունենք լուծելու՝ արոտների ջրարբիացում եւ ներհամայնքային ճանապարհների նորոգում: Երկու դեպքում էլ ակնկալում ենք պետության աջակցությունը»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:
Համայնքի բնակչության հետ հաշվետու հանդիպման շուրջ իր կարծիքը հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Նման հաշվետվությունները շատ ենք կարեւորում, որպեսզի համայնքի յուրաքանչյուր բնակչի համար պարզ լինի, թե ինչի վրա են ծախսվում իրենց մուծած հարկերը: Դուք պետք է հստակ իմանաք ու չկասկածեք, որ ձեր մուծած յուրաքանչյուր դրամ համայնքի համար դառնալու է նորոգված ճանապարհ կամ ջրագիծ, կենսական նշանակության այլ ծրագիր: Դրա համար էլ կոչ եմ անում՝ ամբողջությամբ կատարել ձեր հարկային պարտավորությունները, ապա՝ վերահսկել ու պահանջել: Այդ դեպքում գործն անպայման տեղից կշարժվի»,- առաջարկեց Գնել Սանոսյանը:
Լճափցիներն առաջ քաշեցին համայնքի արոտների ջրարբիացման խնդիրը, նշելով, որ այն այսօր դարձել է ամենակենսական խնդիրը: Երկրորդ հարցը գյուղի կենտրոնական ճանապարհի 2,5 կիլոմետրանոց հատվածի եւ երկրորդային նշանակության փողոցների անբարեկարգ վիճակն է: Մարզպետը վստահեցրեց, որ երկու դեպքում էլ պետությունը կցուցաբերի աջակցություն: «Արոտների ջրարբիացման ծրագիրը Լճափում ձգձգվել է գյուղատնտեսության նախարարության վերակազմակերպման պատճառով: Հիմա մենք համագործակցում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ ու անելու ենք հնարավորը, որպեսզի արոտների ջրարբիացումն այս տարվա ընթացքում իրականություն դարձնենք: Ինչ վերաբերում է ճանապարհների հիմնանորոգմանը,ապա այս տարի կկարողանք աջակցություն ցուցաբերել ֆրեզված ասֆալտի հումքի տրամադրման միջոցով, մինչեւ որ կապիտալ շինարարության համար գտնվեն համապատասխան միջոցներ»,-նշեց մարզպետը, հավելելով, որ գարնանացան սերմացուների տրամադրումը, ըստ համայնքի կողմից ներկայացված պահանջարկի, կկատարվի ժամանակին:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:46:10