Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը Գանձակում մասնակցեց համայնքապետարանի 2019 թվականի աշխատանքային գործունեության հաշվետվությանը

09.03.2020

Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքի մշակույթի տանը 2019 թվականին կատարած աշխատանքների մասին զեկուցմամբ հանդես եկավ Գանձակի համայնքապետ Արմեն Պողոսյանը: Հաշվետվությանը լսեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Ներկա էին համայնքի բնակիչներ, համայնքապետարանի եւ ենթակա կառույցների, Գանձակի բուժամբուլատորիայի աշխատակիցներ, ավագանու անդամներ: Համայնքի ղեկավարի ներկայացմամբ՝ նախորդ տարում Գանձակի համայնքապետարանի բյուջեի սեփական եկամուտները հավաքագրվել են 98, 5 տոկոսով՝ կազմելով 29 միլիոն 665 հազար դրամ: Պետության կողմից տրամադրված դոտացիան կազմել է 85 միլիոն 559 հազար դրամ, որը տրամադրվել է ամբողջությամբ: Տեղական բյուջեի միջոցներն ուղղվել են ինչպես համայնքապետարանի եւ ենթակա կառույցների գործունեության ապահովմանը, այնպես էլ՝ սոցիալ -տնտեսական եւ կենսական նշանակության հիմնախնդիրների կարգավորմանը: 2019 թվականին կատարված աշխատանքների պատկերը հետեւյալն է. խորքային հորի էլեկտրոֆիկացում՝ 943 հազար դրամ, ոռոգման առվի կապիտալ նորոգում՝ 16 միլիոն 092 հազար դրամ, գյուղամիջյան կամրջի կառուցում՝ 650 հազար դրամ, Խ, Աբովյան եւ Ս. Կապուտիկյան փողոցների ասֆալտապատում, առաջին փուլ՝ 22 միլիոն 143.9 հազար դրամ, գյուղապետարանի շենքի դուռ- լուսամուտների փոխում՝ 1 միլիոն 460 հազար դրամ, բնակիչների կովերի սերմնավորում՝ 576 հազար դրամ, բնակիչների տրամադրված օգնություն ՝ 929 հազար դրամ, այցելություն համայնքից զորակոչված զինծառայողներին՝ 1 միլիոն 300 հազար դրամ, կոմբայնի լիզինգի վճար՝ 3 միլիոն 707.8 հազար դրամ, գյուղամիջյան փողոցների ընթացիկ նորոգում եւ ձյան մաքրում՝ 3 միլիոն 300 հազար դրամ, աղբահավաքման աշխատանքներ՝ 3 միլիոն 618 հազար դրամ , գետի հունի մաքրում եւ ափերի ամրացում ՝ 2 միլիոն 350 հազար դրամ, լուսավորության ցանցի ընթացիկ նորոգում ՝ 900 հազար դրամ, արեւային ջրատաքացուցիչի եւ ֆոտովոլտային վահանակի ֆակտորինգի վճար՝ 3 միլիոն 202 հազար դրամ, սպորտային գույքի ձեռքբերում՝ 364 հազար դրամ, տոնական միջոցառումների ծախսեր՝ 2 միլիոն 560 հազար դրամ, այլ ծախսեր՝ 1 միլիոն 155 հազար դրամ, լուսավորության ցանցի կառուցում՝ 19 միլիոն 518 հազար դրամ: Մնացած ծախսերն ուղղվել են համայնքապետարանի եւ ենթակա կազմակերպությունների գործունեության ապահովմանը: Համայնքի ղեկավարն ավելացրեց նաեւ, որ տարվա ընթացքում, ելնելով առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից, համայնքի բյուջեում կատարվել են որոշակի փոփոխություններ: «Բյուջեից կատարված ծախսերը համայնքի բնակիչների համար եղել են բաց եւ թափանցիկ: Կատարված փոփոխությունները քննարկվել եւ հաստատվել են համայնքի ավագանու նիստերում»,-ներկայացրեց Արմեն Պողոսյանը:
Գանձակում 2019 թվականին կատարված աշխատանքների եւ 2020 թվականի կարեւորագույն անելիքների մասին խոսեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Շատ եմ կարեւորում նման օրակարգով հաշվետվությունների ընդունումը, որի շնորհիվ համայնքի բնակիչները տեղեկանում են, թե ինչ ուղղությամբ եւ արդյունավետությամբ են ծախսվում իրենց մուծած հարկերը: Կոչ եմ անում՝ ակտիվորեն մասնակցել համայնքի կառավարմանը, բարձրացնել առաջնահերթ խնդիրներ, առաջ քաշել կառուցողական գաղափարներ: Գանձակում նախորդ տարվա ընթացքում պետական ու տեղական միջոցներով իրականացվել են մի շարք կարեւորագույն ծրագրեր, ինչի արդյունքում իրականացվել է ներհամայնքային ճանապարհների, լուսավորության ու ոռոգման ցանցերի, կամուրջների կառուցման աշխատանքներ: Այս տարի եւս Գանձակի համայնքապետարանը երկու սուբվենցիոն ծրագրի իրականացման հայտ է ներկայացրել, որով նախատեսվում է համայնքի կենտրոնական հրապարակի կառուցում եւ թիվ 2 միջնակարգ դպրոց տանող ճանապարհի ասֆալտապատում: Պետական միջոցներով կշարունակվի Բաղրամյան փողոցի հիմնանորոգման ծրագիրը, որը մեկնարկել է 2019 թվականի ընթացքում, եւ որի իրականացման համար հատկացվել է 320 միլիոն դրամ: Ես ձեզ կոչ եմ անում՝ պարտաճանաչորեն մուծել բոլոր հարկերը, քանի որ այդ գոյացած միջոցներով պետք է ապահովվի համայնքի զարգացումը: Մենք համատեղ աշխատանքով Գանձակում աստիճանաբար կհասնենք տարիներ ի վեր կուտակված բոլոր հիմնախնդիրների կարգավորմանը »,-վստահեցրեց մարզպետը:
Գնել Սանոսյանը պատասխանեց նաեւ ներկաներին հուզող հարցերին: Անդրադարձ կատարվեց նաև դիզվառելիքի, պարարտանյութերի ու սերմացուների սուբսիդավորման խնդրին: «Դիզվառելիքի սուբսիդավորման քաղաքականությունն ուղեկցվել է բազմաթիվ չարաշահումներով, այդ պատճառով էլ այդ ծրագիրը կառավարության կողմից դադարեցված է: Այն գնով, որ սուբսիդավորված դիզվառելիքը հասցվում էր տնտեսություններին, այժմ նույն գնով վաճառվում է շուկայում, ուստի եւ սուբսիդավորման անհրաժեշտություն չկա: Պարարտանյութերի եւ սերմացուների հայտերը մենք համայնքներից ստացել եւ փոխանցել ենք Էկոնոմիկայի նախարարություն: Կանենք հնարավորը, որպեսզի գարնանացանը տնտեսությունները կատարեն ժամանակին, առանց խնդիրներ ունենալու: Միաժամանակ կոչ եմ անում՝ օգտվել գյուղատնտեսական այն ծրագրերից, որոնց աջակցում է կառավարությունը: Անհրաժեշտ խորհրդատվության համար կարող եք դիմել մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչություն»,-տեղեկացրեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Նույն օրը համայնքների իրենց բնակիչների առջև աշխատանքային հաշվետվություններով հանդես եկան Լիճք համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանը եւ Մադինա համայնքի ղեկավար Վրեժ Սարգսյանը: Հաշվետվություններին մասնակցում էր Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչության պետի տեղակալ Հրանտ Օհանյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:33:30