Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվեց սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքի աջակցության խնդիրը

27.02.2020

Փետրվարի 27-ին Գեղարքունիքի մարզպետարանի ընտանիքի կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի նախաձեռնությամբ մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում, որի ընթացքում քննարկվեց մեկ ընտանիքի սոցիալական պատմությունը և դրան աջակցություն ցուցաբերելու հետ կապված խնդիրները: Քննարկմանը մասնակցում էին «Վորլդ Վիժն Հայաստան» Գավառի տարածքային ծրագրի, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի, «Բարի մամա» ԲՀԿ-ի և Գավառի սոցիալական աջակցության տարածքային գործակալության ներկայացուցիչներ:
Մարզպետարանի ընտանիքի կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ներկայացմամբ 2019 թվականի ապրիլ ամսին, անասնապահությամբ զբաղվելու նպատակով, ԼՂՀ-ից Գավառ է տեղափոխվել Գարիկ Մելոյանի և Քրիստինե Ճաղարյանի 6 շնչից բաղկացած ընտանիքը, որոնցից 3-ը՝ անչափահաս երեխաներն են: Համայնքային ռեսուրսների մոբիլիզացման արդյունքում հնարավոր է եղել Գավառի Հացառատ թաղամասում ընտանիքին տեղավորել ժամանակավոր կացարանում՝ վարձակալական հիմունքներով: Հնարավորությունների բացակայության հետևանքով բնակարանը չի ջեռուցվում, ինչը լուրջ խնդիր է առաջացնում երեխաների առողջության համար: Ընտանիքի միակ ապրուստի միջոցը ընտանեկան նպաստն է ու ամուսինների հաշմանդամության թոշակը: Գարիկը և Քրիստինեն ունեն հաշմանդամության կարգ և, բացի դա, Քրիստինեն սպասում է չորրորդ երեխային:
«Հանդիպման նպատակն է կենտրոնացնել բոլոր շահագրգիռ կողմերի ուժերն ու հնարավորությունները և լուծել գրեթե անօթևան մնացած ընտանիքի բնակարանի խնդիրը, քանզի նման պայմաններում լուրջ դժվարություններ կարող են առաջանալ նաև ընտանիքում առաջիկայում լույս աշխարհ եկող փոքրիկի համար», - նշեց Գեղարքունիքի մարզպետարանի ընտանիքի կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Մամիկոն Գալոյանը:
Քննարկման մասնակիցները պայմանավորվածություն ձեռք բերեցին , որպեսզի յուրաքանչյուրն իր մասով իրականացնի կարիքի գնահատում և հնարավորության սահմաններում կարողանա աջակցել ընտանիքին: Աջակցությունը կարող է լինել բնակարանի վարձակալման, գույքի, հագուստի կամ սննդի տրամադրման, կոմունալ խնդիրների լուծման և այլնի տեսքով: Հավելենք նաև, որ որպես սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիք՝ այն քանիցս տարբեր տեսակի աջակցություն է ստացել Գեղարքունիքի մարզպետարանի և այլ կազմակերպությունների կողմից:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 11:50:55